Մատչելիության հղումներ

Համանախագահները ավարտեցին տարածաշրջային այցը


Նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրում ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: 9-ը սեպտեմբերի, 2010թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրում ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: 9-ը սեպտեմբերի, 2010թ.

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմամբ ավարտեցին հերթական տարածաշրջանային այցը:

Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում միջազգային միջնորդները հանդիպումներ ունեցան Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ղեկավարների հետ` քննարկելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա վիճակն ու հետագա անելիքը:

Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (Միացյալ Նահանգներ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), ըստ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հակիրճ հաղորդագրության, նախագահ Սարգսյանին «ներկայացրել են Բաքվում եւ Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները». - «Զրուցակիցները վերահաստատել են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը եւ նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում հաճախակի դարձած սադրանքներն ու հրադադարի խախտման դեպքերը բացասաբար են անդրադառնում բանակցային գործընթացի վրա»:

Համանախագահները այսօր ավելի վաղ հանդիպել էին նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հունիսին կայացած հայ-ադրբեւանական վերջին բանակցություններից հետո, հիշեցնենք, Մինսկի խմբի համանախագահները երկու անգամ հանդես եկան հայտարարություններով` քննադատելով ղարաբաղյան հակամարտության կողմերին առկա տարաձայնությունների հաղթահարման համար գործադրած անբավարար ջանքերի եւ հորդորելով «խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնագրի դրույթները»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլ խոսնակ Դավիթ Բաբայանի բնորոշմամբ, միջազգային միջնորդների այս այցը «բեկումնային համարվել չի կարող»:

«Համանախագահները երեւի ունեն ցանկություն ինչ-որ մի դրական քայլ կատարելու, բայց իրականությունը լրիվ ուրիշ է: Ադրբեջանը, փաստորեն, չարաշահում է եւ շանտաժի է ենթարկում ամբողջ միջազգային հանրությունը` իր գործողություններով տապալելով ոչ միայն գործընթացը, այլ առաջին հերթին փոխվստահությունը, որը առանց այդ էլ շատ ցածր աստիճանի վրա է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բաբայանը` հավելելով, որ Ստեփանակերտում մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման շուրջ քննարկում չի եղել. - «Ի՞նչ սկզբունքների մասին կարելի է խոսել, երբ որ տեղում խախտվում է ամեն ինչ»:
XS
SM
MD
LG