Մատչելիության հղումներ

«Իրանական գործող վարչախումբը վերածվում է կրոնական-գաղափարական ուղղվածություն ունեցող զինվորական միապետության», - ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Արտաքին հարաբերությունների հարցերով ոչ կառավարական խորհրդում, նման հայտարարություն է արել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Քլինթոնը հանդես է եկել Բարաք Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքական ուղենիշներին վերաբերող ծրագրային ելույթով:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի գնահատմամբ՝ երկրի կառավարումը ստանձնելուց ավելի քան 1,5 տարի հետո իրենք սկսել են տեսնել իրենց մարտավարության դրական արդյունքը:

Հիլարի Քլինթոնը ամերիկյան վարվող դիվանագիտության գլխավոր հաղթանակներից է համարել այն, որ իրենց հաջողվեց ՄԱԿ-ում Իրանի դեմ հասնել միջազգային նոր պատժամիջոցների:

Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ամիսներ տեւած բանակցություններից հետո ամերիկյան կողմը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կարողացավ հասնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր՝ չորրորդ փուլի կիրառմանը, որոնք տնտեսական մեկուսացում են ենթադրում Թեհրանի համար: Սակայն Հիլարի Քլինթոնի գնահատմամբ՝ այդ ճնշումներն ու պատժամիջոցները նույնպես ինքնանպատակ չեն. Իրանի իշխանությունը պետք է որոշում կայացնի՝ մեծացնել իր երկրի մեկուսացումը, թե՝ գիտակցել, որ ունի ժողովրդի նկատմամբ պարտավորություններ:

«Ամերիկան Ռուսաստանին առաջարկում է ոչ միայն երկուստեք հարգանքի, այլեւ պատասխանատվության վրա խարսխված հարաբերություններ կառուցել», - անդրադառնալով Ռուսաստանի հետ վարվող ամերիկյան դիվանագիտությանը՝ նշել է Պետքարտուղարը:

Տարաձայնություններն անխուսափելի համարելով՝ Հիլարի Քլինթոնն ասել է, որ անկախ ամեն ինչից Միացյալ Նահանգները բարձրաձայնելու է իր կարծիքը այդ երկրներում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ:

Հիլարի Քլինթոնը նման խնդրահարույց հարցեր է համարել «մարդու իրավունքների խնդիրը Ռուսաստանում եւ Չինաստանում, Վրաստանի տարածքների գրավումը ՌԴ-ի կողմից»:

Այդուհանդերձ, ԱՄՆ-ի պետքարտուղարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-Ռուսաստան համագործակցության ներկա ընթացքից՝ ընդգծելով. - «Յուրաքանչյուր ոք, ով լրջորեն է վերաբերում համաշխարհային այնպիսի հինախնդրի կարգավորմանը, ինչպիսին միջուկային զենքի չտարածումն է, հասկանում է, որ եթե Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չհամագործակցեին միմյանց հետ, մեծ արդյունքներ չէին գրանցվի»:

Իր ելույթում Հիլարի Քլինթոնը ընդամենը մի քանի բառով է անդրադարձել Իրաքին ու Աֆղանստատանին, խոսել է նաեւ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ընթացող բանակցություններից:

Հաջորդ շաբաթ Քլինթոնը կմեկնի Եգիպտոս՝ անձամբ մասնակցելու Իսրայելի նախագահ Բենյամին Նեթանյահուի եւ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի միջեւ ընթացող այդ բանակցությունների երկրորդ փուլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG