Մատչելիության հղումներ

Ադրբեջանի երիտասարդությունը «հակված է Ղարաբաղի հարցի ռազմական լուծմանը»


Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովը:
Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովը:

«Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին քաղաքական ուժերը լուրջ ուշադրություն են կենտրոնացնելու Ղարաբաղի խնդրի վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ, «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Իլգար Մամեդովը:

«Իմ դիտարկմամբ,Ղարաբաղի խնդիրը, հայ-ադրբեջանական հակամարտությունը նախընտրական քննարկումների ընթացքում միշտ էլ առաջնահերթ ուշադրության արժանացած թեմաների թվում են եղել: Այս ընտրությունները կարծում եմ բացառություն չեն լինի», - ասաց Մամեդովը:

Բաքվեցի քաղաքագետի կարծիքով, թե' իշխանական «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, թե' ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը չեն կարող շրջանցել ղարաբաղյան հիմնահարցը նախեւառաջ հասարակական այն ճնշման պատճառով, որ առկա է խնդրի շուրջ. - «Մարդիկ այս թեմային սկսել են ավելի մեծ ուշադրությամբ վերաբերվել: Վերջին հինգ տարիների ընթացքում այդ առումով լուրջ փոփոխություններ են տեղի ուեցել: Բացի այդ, նոր սերնդի, երիտասարդության ներկայացուցիչներն են հրապարակ եկել: Սա բնակչության այն խումբն է, որը քաղաքական ճնշման լուրջ տարր է հանդիսանում: Երիտասարդության մեծամասնությունը համոզված է, որ խաղաղ կարգավորումը հայտնվել է փակուղում, եւ հարկավոր է հարցը լուծել ռազմական ճանապարհով: Հասարակության ներսում այս լարվածությունը աճում է եւ շարունակելու է աճել»:

Հարցին, թե արդյոք ստացվում է, որ խնդրի ռազմական լուծման օգտին են հանդես գալիս հիմնականում այն սերնդի ներկայացուցիչները, որ 1991-94 թվականների պատրերազմը չեն տեսել, ադրբեջանցի քաղաքագետը հստակ պատասխան չտվեց` նշելով միայն, որ 1994-ին կնքված հրադադարից հետո Ադրբեջանի բնակչությունը ավելացել է գրեթե 20 տոկոսով. - «Հրադադարի հաստատումից անցած գրեթե 20 տարիների ընթացքում Ադրբեջանում մեկուկես միլիոն մարդ է ծնվել: Դուք հասկանո՞ւմ եք, թե սա բնակչության ինչ մեծ ծավալ է, եւ ինչ ճնշում է այն բանեցնում: Սա այն սերունդն է, որ ցանկանում է մեկընդմիշտ փակել Ղարաբաղի հարցն ու մինչեւ կյանքի վերջը չվերադառանալ այդ խնդրին»:

Իլգար Մամեդովը պատրաստվում է առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել Բաքվի ընտրատարածքներից մեկում:

«Մեր կարծիքով, առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարելի է մասնակցել, նույնիսկ կարող եմ ասել, որ անհրաժեշտ է: Գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս համապաստախան թվով քվեներ հավաքել եւ տեղեր զբաղեցնել խորհրդարանում: Աշխատելու ենք ադրբեջանական հանրության հետ, միջազգային այն կառուցների հետ, որոնց առջեւ Ադրբեջանը պարտավորություններ է ստանձնել: Անելու ենք հնարավորը նախընտարական իրավիճակը բարելավելու համար», - ասաց Մամեդովը:

Խորհրդարանական ընտրությունները Արդբեջանում կայանալու են նոյեմբերի 7-ին: Ընդդիմությունը դրանց մասնակցելու է միասնաբար: Ընդդիմության երկու առաջատար կուսակցությունները` «Ժողովրդական ճակատ»-ն ու «Մուսավաթ»-ը նախընտրական դաշինք կազմելու մասին հուշագիրը ստորագրել են չորեքշաբթի օրը Բաքվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG