Մատչելիության հղումներ

Նախորդ ամիս 14 մասնավոր բուհերի լիցենզիաները կասեցվեցին ամբողջությամբ կամ առանձին մասնագիտությունների գծով: Այս բուհերի ռեկտորները ներքին կարգով սկսել են ուսանողներին համոզել, թե ԿԳՆ-ի կողմից հայտնաբերված թերությունները կշտկվեն եւ այլեւս բուհը կամ ֆակուլտետը փոխելու հարկ չի լինի:

«Եթե թույլատրելի լիներ, մենք այդ բուհերին նախազգուշացումով կդիմեինք, եւ ժամանակ կտայինք, որ թերությունները վերացվեն», - նշեց ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը:

Փոխնախարարի խոսքով` կան բուհեր, որտեղ մեկ մասնագիտությամբ ավելի շատ հեռակա ուսանողներ կան, քան առկա ուսուցմամբ 4 կամ 5 մասնագիտությունների գծով: - «Մոտավորապես պարզ է դրանց ուսումնառության կազմակերպումը, եթե նույն մասնագիտության համար ԵՊՀ-ում վարձավճարը, օրինակ, 700.000 դրամ է, իսկ իրենք սահմանել են, օրինակ, 100.000 դրամ», - նշեց նա:

Նշյալ բուհերից կամ ֆակուլտետներից դուրս մնացած 2200 ուսանողներից առ այսօր ուսումը մեկ այլ բուհում շարունակելու խնդրանքով դիմել է ընդամենը 200-ը:

Լիցենզիայի գործողությունը կասեցված բուհերի ուսանողներին փոխնախարարը խորհուրդ տվեց չհավատալ ռեկտորների խոսքին: Նրա խոսքով` կառավարության որոշմամբ` ուսանողների վերականգման եւ տեղափոխման ժամկետները սահմանված են յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի սկզբին նախորդող եւ հաջորդող երկու շաբաթները:

Արա Ավետիսյանը տեղեկացրեց, որ մասնագիտական կրթության երրորդ աստիճանում` ասպիրանտուրայում, արդեն այս ամսվանից ներդրվում է հետազոտողի ծրագիրը, որն իրականացվելու է ինչպես բուհերում, այնպես էլ առանձին գիտական կազմակերպություններում եւ գիտակրթական հաստատություններում:

XS
SM
MD
LG