Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր եւ վիրավորներ` Վլադիկավկազի շուկայում պայթյունի հետեւանքով


Հինգշաբթի օրը Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի կենտրոնական շուկայում պայթյունի հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 16 մարդ, այդ թվում` մեկ երեխա, կան 100-ից ավելի վիրավորներ: ԼՐԱՑՎԱԾ

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ծանր վնասվածքներ ստացած երեխան մահացել է վիրահատության ընթացքում:

Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի առողջապահական համակարգի աղբյուրը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ճշտված տվյալներ էր փոխանցել, ըստ որոնց` տուժել են 114 մարդ, նրանցից 99-ը հոսպիտալացվել են, ավելի ուշ 4-ը ուղարկվել են տուն: Տուժածներից 5-ը երեխաներ են: Նույն աղբյուրը հայտնել էր, որ վիրավորներից 10-ը, այդ թվում` 2 երեխաներ, ծանր վիճակում են:

Ուժգին պայթյունը որոտացել է ժամը 11:30-ի սահմաններում` շուկայի կենտրոնական մուտքի մոտ, որը միշտ մարդաշատ է: Այստեղ տեղակայված են նաեւ աշխատանքային բորսան ու քաղաքի դպրոցներից մեկը:

Նախնական տվյալներով` պայթել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենա, պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Իրավապահ մարմինները չեն բացառում, որ նախատեսված էին մի քանի ահաբեկչական ակտեր, եւ տարհանել են մարդկանց: Քաղաքում չկա բջջային կապ` հնարավոր երկրորդ պայթյունը կանխելու նկատառումներով:

Դեպքի վայր է ժամանել հանրապետության ղեկավարությունը, այդ թվում` Հյուսիսային Օսիայի ղեկավար Թեյմուրազ Մամսուրովը:

Արդեն հարուցվել է քրեական գործ` ահաբեկչության հոդվածով: Պայթյունի համար պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հյուսիսային Կովկասում իր ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինին հանձնարարել է շտապ մեկնել դեպքի վայր:

Զոհվածների եւ տուժածների ցուցակներ դեռեւս չեն հրապարակվել:

Սեպտեմբերի 10-ը Հյուսիսային Օսիայում սգո օր է հայտարարվել:

Վերջին անգամ ահաբեկչական գործողություններ Հյուսիսային Օսիայում գրանցվել էին օգոստոսի 17-ին, երբ զոհվել էր մեկ ոստիկան, եւս երկուսը վիրավորվել էին:

11 տարի առաջ` 1999 թվականի օգոստոսի 19-ին Վլադիկավկազի կենտրոնական շուկայի տարածքում, ի դեպ` նույն ժամին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 52 մարդ զոհվել եւ շուրջ 160-ը վիրավորվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG