Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 9-ի մամուլ


«Ժամանակ»-ը, անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում քննարկվելիք` Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագծին, գրում է. - «Արդեն հայտնի է, որ դա ոչ հայանպաստ հերթական բանաձեւն է, որ Ադրբեջանը փորձում է, ընդ որում` պետք է նկատել, որ հաջողությամբ է փորձում, անցկացնել միջազգային ատյաններում: Առայժմ այդ բանաձեւերը չեն ստացել քաղաքական իրական ուժ, չեն դրվել գործածության մեջ, սակայն դրանք կուտակվում են, եւ հայտնի չէ, թե «պատից կախված» բանաձեւը երբ կկրակի: Մինչդեռ Հայաստանը տարիներ շարունակ այդ ամենին հետեւում է կողմնակի դիտորդի կարգավիճակով: Համենայնդեպս, Հայաստանի իշխանությունը եւ դրան մերձ կանգնած շրջանակները ամեն նման բանաձեւից առաջ հայտարարում են ընդամենը, որ մեկ է` դա ուժ չունի, եւ ընդունումից հետո հայտարարում են, որ դրա հեղինակներն ու կողմ քվեարկողները ծախվել են Ադրբեջանին: Իսկ ահա, թե նմանօրինակ որեւէ մի հականախաձեռնություն կամ պարզապես սեփական կանխանախաձեռնություն երբ եւ որտեղ է դրսեւորել Հայաստանը` պարզապես անհնար է հիշել, քանի որ նման նախաձեռնություններն ընդհանրապես բացակայում են»:

Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացմանը Վրաստանի ցուցաբերած արձագանքի կապակցությամբ «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սես Գիմիշյանը «Հրապարակ» թերթում գրում է. - «Ռուսական ներկայության ուժեղացման հետ կապված` Վրաստանի անհանգստությունը բնական է: Վրաստանի իշխանությունները բարեփոխումների որոշակի ճանապարհ են ընտրել եւ դեմքով շրջվել են դեպի իրենց ժողովուրդը, իսկ Հայաստանում բռնապետական, մարիոնետ, ավտորիտար ռեժիմ է հաստատվել, որի ինքնուրույնությունը խոցելի է, իշխանությունը` թույլ, ելնելով նրանից, որ լեգիտիմությունը ցածր է: Բնականաբար, Ռուսաստանի ազդեցությունը մեր իշխանությունների նկատմամբ շատ մեծ է, եւ Վրաստանը անհանգստացած է` որպես հարեւան երկիր: Դա ես բնական եմ համարում եւ հանգիստ եմ վերաբերվում Վրաստանի իշխանությունների հայտարարությանը, բայց ազգային անվտանգության խնդիրների լուծումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է: Որպես ինքնիշխան պետւթյուն` մենք իրավունք ունենք, դա մեր ներքին հարցն է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ազգային անվտանգությունը առավելագույնս բարձր մակարդակի վրա լինի: Ես չեմ ցանկանում եւ չեմ տեսնում նախադրյալներ Հայաստան - Վրաստան հարաբերությունների վատացման: Հույս ունեմ, որ Հայաստանը երբեք Վրաստանի համար վտանգ չի ներկայացնի»:

«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 հակահրթիռային համակարգեր վաճառելու գործարքը ռեալիզացման փոլում է», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը: Նա նաեւ հայտնել է, որ C-300-ի ձեռք բերման շուրջ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները սկսվել են 2007 թվականից: Հարցին, թե Ադրբեջանում դրանց տեղակայման մոտավոր ժամկետներն արդեն հայտնի՞ են, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը պատասխանել է. - «Ես դժվարանում եմ ավելի մանրամասն տեղեկատվություն տալ»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Այն, որ մեր բանակում խնդիրներ կան, ոչ ոք չի թաքցնում։ Ավելին՝ այդ խնդիրները չի թաքցնում նաեւ նույն մեր բանակի ղեկավարությունը եւ, օրինակ, ի դեմս հենց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի. հասարակության ներկայացուցիչների, լրագրողների հետ շփումների ժամանակ նա չի խուսափում ամենասուր հարցադրումներից, անախորժ իրավիճակներին անդրադառնալուց»։ Թերթն այնուհետեւ գնահատում է. - «Սակայն որոշ լրատվամիջոցների համար ողբերգությունը ընդամենը պատեհ առիթ էր հայոց բանակին հարվածելու համար։ Հարվածել, ըստ որում, թիկունքից»։

Անդրադառնալով Մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխություններին, ըստ որի արգելվելու է «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով մեքենաների ներկրումը Հայաստան` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է. - «Ամբողջ իմաստն այն է, որ թանկարժեք ավտոմեքենաներ ցանկացողներին տնտեսական լծակներով ստիպենք, որ նրանք շատ գումար վճարեն Հայաստանի պետբյուջե: Շքեղության տարրերի համար պետք է վճարել: Եթե հանրապետություն ներմուծված մեքենաների միջին մաքսային արժեքը կազմում է 4 միլիոն դրամ, ապա այդ ճանապարհով ներմուծված ավտոմեքենաների արժեքը հիմնականում 50-60 հազար դոլարից հասնում է մինչեւ 150 հազար դոլար եւ ավելիի»: Ինչ վերաբերում է բարձր մաքսային վճարներին, ինչի պատճառով էլ քաղաքացիները խուսափում են մեքենայի օրինական մաքսազերծումից, ապա Ալավերդյանն ասել է. - «Եթե իջեցվեն մաքսային արժեքները, ապա կներմուծվեն տեխնիկապես անսարք ու բավականին հին մեքենաներ, որոնք մի քանի տարի օգտագործելուց հետո շարքից դուրս կգան: Կամա թե ակամա մեր հանրապետությունը կվերածվի ավտոմեքենաների գերեզմանոցի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG