Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ


Համանախագահների հանդիպումները ԼՂ–ում
please wait

No media source currently available

0:00 0:02:07 0:00

Բաքվից Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները՝ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), սեպտեմբերի 8-ին հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ։

Հանդիպումից հետո ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, արձագանքելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ ԼՂ ղեկավարության հետ հանդիպման մանրամասները չի կարող փոխանցել, քանի որ իրենց առաքելությունը դեռեւս ավարտված չէ։

«Վաղը մենք կհանդիպենք Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ», - ասաց ֆրանսիացի համանախագահը:

Ինչպես ասվում է հանդիպումից հետո ԼՂ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

«Երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է: Միաժամանակ, Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից վերջերս զինադադարի ռեժիմի հաճախակի խախտումները մտահոգություններ են առաջացնում», - ասված է հաղորդագրությունում։

Բակո Սահակյանը Մինսկի խմբի միջնորդներին կոչ է արել օգտագործել իրենց ներուժը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար:

Ֆասիեն ուղղում է լրագրողներին


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ այսօր ավելի վաղ տարածված տեղեկատվությանը այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ մոնիտորինգ է անցկացվել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։

«Դա ոչ թե մոնիտորինգ էր, այլ շփման գծի հատում։ Եվ դա արվեց, որպեսզի ցույց տանք, որ սա սահման չէ», - հայտարարեց Ֆասիեն։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված շփման գծում վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման ակտիվացումը, Բեռնար Ֆասիեն պատասխանեց, թե սեպտեմբերի 6-ին իրենք հանդես են եկել համապատասխան հայտարարությամբ։

«Դրանք սովորական դժգոհություններ են եւ խորհուրդ եմ տալիս ուշադիր ընթերցել հաղորդագրությունը», - ասաց Ֆասիեն։

Ստեփանակերտից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ուղղաթիռով ուղեւորվելու են Երեւան, որտեղ վաղն առավոտյան հանդիպելու են Հայաստանի ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG