Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը փորձում է կանոնակարգել զինվորների եւ սպաների փոխհարաբերությունները բանակում


Հայաստանի զինված ուժերում զինծառայողները իրավունք են ստանալու վերադաս հրամանտարներին բողոքարկել իրենց անմիջական հրամանատարի արձակած այն հրամանները, որոնք հակասում են Սահմանադրությանը, օրենքներին, կամ հրաման տվողի լիազորություններից դուրս են:

Այսօր Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը քննարկեց «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքը, որը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից եւ նպատակ ունի կանոնակարգել բանակում զինվորների ու սպաների փոխհարաբերությունները։

Նախագծում նշված է, որ զինծառայողն իրավունք չունի բողոքարկել իր հրամանատարի հրամանը մարտական հերթապահության, պահակախմբում գտնվելու, ուսումնական պարապմունքների ժամանակ եւ մի քանի այլ դեպքերում։

Քննարկումների ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ հաստատվելու դեպքում «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքը կօգնի բարելավել «բանակում առկա իրավիճակը»։

Արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ փոխնախարարը նախապես չհերքեց, որ հիշյալ օրենքի նախագծի ներկայացումը կապված է հայկական զինված ուժերում հուլիսին տեղի ունեցած աղմկալի դեպքերի հետ, որոնց արդյունքում խաղաղ պայմաններում 7 զինծառայող զոհվեց։

«Նաեւ առնչվում է վերջին դեպքերին», - ասաց Նազարյանը։ Ավելի ուշ, սակայն, փոխնախարարը ընդգծեց. - «Ես նշեցի, որ դա արդեն ծրագրով նախատեսված միջոցառում էր, պարզապես համընկել է այդ դեպքերի հետ»։

«Հաուպտվախտը հակասում է Սահմանադրությանը»


«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով Պաշտպանության նախարարությունը մեկ այլ նորամուծություն է առաջարկում՝ զինված ուժերում վերացնել հաուպտվախտը:

«Համապատասխանեցում է գնում Սահմանադրությանը. կարգապահական կալանքը, որպես տույժի տեսակ, փոխարինվում է կարգապահական վաշտ ուղարկելու պատժատեսակով, որն իրենից ենթադրում է պարզապես ավելի ուժեղացված կարգացուցակով ծառայության իրականացում», - պարզաբանեց պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը։

«Նախագիծը լրամշակման կարիք ունի»


Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Հրայր Կարապետյանը ընդհանուր առմամբ դրական գնահատեց առաջարկվող նախագիծը՝ նշելով, սակայն, որ նախագիծը լրամշակման կարիք ունի։

«Սա կնպաստի բանակում կանոնակարգային հարաբերությունների ամրապնդմանը», - օրենքի վերաբերյալ կարծիք հայտնեց քննարկումներին մասնակցող Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը:

Քննարկումներին մասնակցած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ օրենքի նախագծի ներկայացումը Պաշտպանության նախարարության կողմից արվող քայլ է՝ վերջին իրադարձությունների հետ կապված «հասարակական որոշակի կարծիքի ձեւավորման» նպատակով։

«[Նախագծում] իրավական անորոշությունները շատ ավելին են, քան որոշակիությունները», - հավելեց Սաքունցը` «անհաջող» որակելով Պաշտպանության նախարարության նախաձեռնությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG