Մատչելիության հղումներ

logo-print

Արմեն Ամիրյանը չի մասնակցի մրցույթին


Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը:

Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար վաղը հայտարարվելիք մրցույթին Արմեն Ամիրյանը, ով այժմ գործադիր տնօրենի պաշտոնակատարն է, չի մասնակցելու:

«Չեմ առաջադրվելու մրցույթին, որովհետեւ ես ընտրության հնարավորություն ունեցա` հեռուստատեսություն, թե ռադիո, եւ նախընտրեցի ռադիոն, որովհետեւ ռադիոն ինձ ավելի հոգեհարազատ է», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց Ամիրյանը` նաեւ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, թե ինքը հրաժարվում է ընդունել պաշտոնը հանրային հեռուստաընկերության գործունեության հետ կապված ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ով հարկ համարեց ավելացնել. - «Քանի որ կար այդպիսի ծրագիր, որ հանրային հեռուստատեսությունը եւ ռադիոն միավորվելու են, այդ պարագայում էր փաստորեն Արմեն Ամիրյանին առաջարկվել այդ աշխատանքը: Բայց երբ արդեն պարզվեց, որ գոնե մոտ ժամանակներս այդ միավորումը չի լինելու, պարոն Ամիրյանը նախընտրեց մնալ Հանրային ռադիոյում»:

Հարությունյանը նաեւ ներկայացրեց նոր նշանակումները Հանրային հեռուստատեսությունում. գլխավոր պրոդյուսեր է նշանակվել «Շարք» ընկերության տնօրեն, «ՀայTV» հեռուստաընկերության համասեփականատեր Գագիկ Բունիաթյանը, Հրաչ Քեշիշյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գլխավոր խորհրդական եւ խորհրդին կից ստեղծված գեղարվեստական հանձնաժողովի նախագահ, «Հայլուր»-ի փոխտնօրեն է նշանակվել Գեւորգ Ալթունյանը:

Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի պաշտոնը թափուր էր Արմեն Արզումանյանի` Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար նշանակվելուց հետո:

XS
SM
MD
LG