Մատչելիության հղումներ

«Գնենք հայրենականը» խորագրով ցուցահանդես վաճառքը նպատակ ունի խթանել հայկական թեթեւ արդյունաբերությունը


Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը սեպտեմբերի 18-19-ին Երեւանի բուսաբանական այգում անցկացնելու է «Գնենք հայրենականը» խորագրով փառատոն եւ ցուցահանդես վաճառք՝ նպատակ ունենալով խրախուսել թեթեւ արդյունաբերությունը Հայաստանում։

«Հետաքրքիր իրավիճակ պարզվեց՝ նախարարության եւ մեր ուսումնասիրությունների նախնական փուլից։ Շատ կազմակերպություններ իրենց հայկական ապրանքանիշով հանդես չեն գալիս՝ արտադրում են դրսի պատվերով, արտահանում են դրսի ապրանքանիշի անվան տակ, եւ հայկականը չի երեւում», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ կարծիք հայտնելով, որ պետք չէ հոռետես լինել, եւ իրականում մենք չենք պատկերացնում Հայաստանում թեթեւ արդյունաբերության ոլորտի իրական պոտենցիալը։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, Հայաստանում այսօր գրանցված է թեթև արդյունաբերությամբ զբաղվող 130 ընկերություն:

Արսեն Ղազարյան.
Շատերը պեսիմիստ են։ Ասում են՝ ոչինչ չի մնացել, մրցունակ չենք, չինականը, թուրքականը
մեզ կերել է...
«Մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ անցած 7 ամիսների ընթացքում ոլորտում արտադրվել է 114 միլիոն դրամի հագուստ, 457 միլիոնի կաշի եւ կաշվե արտադրատեսակներ, 214 միլիոն դրամի կոշիկ։ Կարվել է ավելի քան 4 միլիարդ դրամի հագուստ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը Էկոնոմիկայի նախարարության ամենամսյա մշտադիտարկումների արդյունքները հրապարակեց նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը՝ հավելելով, որ մշտադիտարկումներում ընդգրկված են ոլորտի հիմնական 32 ընկերությունները միայն:

Միրզոյանը նաեւ նշեց, որ բոլոր ոլորտներում զգալի աճ է արձանագրվել։

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը նույնպես լավատես է թեթեւ արդյունաբերության ոլորտի ապագայի հանդեպ։

«Օրինակ, ես երբեք չէի մտածի, որ մենք կկարողանանք Չինաստան կամ Սինգապուր հայկական հյութեր եւ զովացուցիչ ջրեր արտահանել, բայց արտահանում ենք», - նշեց Արսեն Ղազարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG