Մատչելիության հղումներ

Հունգարացի հայտնի կոմպոզիտորի ստեղծագործությունները կկատարեն հայ երաժիշտները


Դյորդ Կուրտագ

Դյորդ Կուրտագ

Սեպտեմբերի 8-ին Երեւանի կամերային երաժշտության տանը կհնչեն հունգարացի ժամանակակից հանրահայտ կոմպոզիտոր Դյորդ Կուրտագի ստեղծագործությունները:

Դրանք կկատարեն բացառապես հայ երիտասարդ երաժիշտները` դաշնակահարներ Հայկ Մելիքյանը, Արմեն Մանասյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը` իր ղեկավարած լարային քառյակով, երգչուհիներ Նարինե Անանիկյանը, Դիանա Հարությունյանը եւ Սոֆյա Սայադյանը:

Համերգի կազմակերպչի` Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտագետ Սվետլանա Սարգսյանի խոսքով, շատ մեծ է 84-ամյա Դյորդ Կուրտագի ստեղծագործության ազդեցությունը համաշխարհային երաժշտության զարգացման վրա:

Ուշագրավ է, որ Կուրտագը ստեղծագործություններ է գրել ոչ միայն բանաստեղծությունների (Եսենինի, Ախմատովայի, Մանդելշտամի եւ այլոց), այլեւ, օրինակ Կաֆկայի արձակի հիման վրա:

«Երկու ստեղծագործություն ունի Ֆրանց Կաֆկայի խոսքերով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սվետլանա Սարգսյանը` շարունակելով. - «Այդ կոմպոզիտորը շատ քիչ է ծանոթ հայաստանցիներին: Մոտ 25 տարի առաջ իմ շնորհիվ այստեղ կատարվել է «Հիշվող աղմուկը» վոկալ շարքը: Եվ շատ մեծ իրադարձություն էր, երբ երկու տարի առաջ Մովսես Պողոսյանը ամերիկացի երգչուհի Թոնի Առնոլդի հետ կատարեց «Հատվածներ Կաֆկայից» ծավալուն ստեղծագործությունը»:

XS
SM
MD
LG