Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունները Թուրքիայում կարող են եւ չընդունվել


Թուրքիայում շաբաթավերջին նախատեսված հանրաքվեում իշխանություններին, ամենայն հավանականությամբ, կհաջողվի աննշան մեծամասնությամբ անցկացնել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, սակայն եթե քվեարկությանը մասնակցեն նաեւ մինչ օրս չկողմնորոշված ընտրողները, արդյունքները կարող են Էրդողանի կուսակցության համար խիստ անցանկալի լինել, փաստում են վերջին հարցումները:

Թուրքիայում այս շաբաթվա վերջին` սեպտեմբերի 12-ին նախատեսված հանրաքվեում իշխանություններին, ամենայն հավանականությամբ, կհաջողվի աննշան մեծամասնությամբ անցկացնել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, սակայն եթե քվեարկությանը մասնակցեն նաեւ մինչ օրս չկողմնորոշված ընտրողները, արդյունքները կարող են Էրդողանի կուսակցության համար խիստ անցանկալի լինել: Այդ են փաստում երկրով մեկ անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումները:

A&G կազմակերպության տվյալներով, մասնավորապես, Սահմանադրության փոփոխությանը աջակցում է ընտրողների մոտ 51 տոկոսը, մինչդեռ 49 տոկոսը դեմ է արտահայտվում:

«Մետրոպոլ» հետազոտական կենտրոնի արդյունքներով` կողմ են շուրջ 50 տոկոսը, ավելի քան մեկ երրորդը` դեմ, 16 տոկոսը` չկողմնորոշված:

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 30-ից ավելի փոփոխություն է առաջարկում 1982 թվականին հերթական արյունալի հեղաշրջումից հետո ընդունված Սահմանադրության տեքստում` պնդելով, թե դրանք կարդիականացնեն Թուրքիայի հիմնական օրենքը եւ թույլ կտան մի շարք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել Եվրամիության պահանջներին համահունչ:

Հիմնական փոփոխությունները վերաբերում են օրենսդիր մարմնի, հատկապես` զինվորական դատարանների աշխատանքին, որոնք լիազորությունների լայն շրջանակ էին ստացել մեկը մյուսին հաջորդած ռազմական հեղաշրջումների արդյունքում: Այժմ Էրդողանի ղեկավարած կուսակցությունը առաջարկում է զրկել դրանց քաղաքացիական անձանց գործերը քննարկելու լիազորությունից, մյուս կողմից` փոփոխել օրենսդիր համակարգում դատավորների եւ դատախազների ընտրության կարգը:

«Եթե իշխանությունների առաջարկած փոփոխությունները կյանքի կոչվեն, արդարադատության համակարգը կզրկվի իր անկախությունից եւ կանցնի կառավարության վերահսկողության տակ», - պնդում են ընդդիմադիրները եւ հորդորում դեմ արտահայտվել առաջարկված փոփոխություններին:

Փորձագետները փաստում են` սահմանադրական այդ հանրաքվեն վարչապետ Ռեջեփ Էրդողանի կուսակցությանը նետված լուրջ մարտահրավեր է, որի արդյունքները էական ազդեցություն կարող են թողնել ոչ միայն երկրի Հիմնական օրենքի ու Թուրքիայում հաստատված իշխանական կարգերի, այլեւ առաջիկա` 2011 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունների ելքի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG