Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը կբացվի Կառավարության նիստերի դահլիճում, քանի որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ով մի քանի ամիս առաջ վստահեցնում էր, որ աշնանային նստաշրջանը կբացվի Ազգային ժողովի` հիմնովին վերանորոգված ու վերակահավորված նիստերի դահլիճում, ուշացումը բացատրեց մի շարք պատճառներով:

«Այն սարքավորումները, որ պիտի հասնեն, մի փոքր ուշանում են: Խոսքը տեխնիկայի մասին է եւ աթոռների: Երկրորդը, այս դահլիճը կահավորելուց, նորոգելուց, տեխնիկան տեղադրելուց հետո որոշակի օրերն են անհրաժեշտ, որպեսզի ե'ւ աշխատակազմը փորձ ձեռք բերի, ե'ւ պատգամավորները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Ղարիբջանյանը` վստահեցնելով, որ հոկտեմբերին արդեն նիստերը կանցկացվեն Ազգային ժողովի դահլիճում:

Պատգամավորների գրանցման եւ քվեարկության համակարգը հիմնովին փոխվելու է: Կորեայից ներկրվող նոր սարքավորումների շնորհիվ պատգամավորներն այլեւս չեն կարողանա քվեարկել ուրիշի փոխարեն. քվեարկությունը անցնելու է հատուկ կոդավորված քարտերով:

Գեղամ Ղարիբջանյանը փոխանցեց, որ դահլիճում առանձին տեղեր են նախատեսվել Ազգային ժողովում նախագահի եւ կառավարության ներկայացուցիչների համար:

Նրա խոսքով, «փառահեղ դահլիճ է լինելու». - «Կահույքը պատրաստված է հայ վարպետների ձեռքով: Բացի աթոռներից: Աթոռները չին վարպետների ձեռքով է, որովհետեւ, ցավոք սրտի, իտալական աթոռները առաջարկում էին 1000 եվրո գումարով` յուրաքանչյուր աթոռը, մեզ հաջողվեց Չինաստանում հատը 200 դոլարով ձեռք բերել»:

Աշխատանքների համար կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 481 միլիոն դրամ: Եվս 500 հազար դոլար նվիրել է կորեական «Ջի-Էս» ընկերությունը:

«Որոշակի օժանդակություն մեզ կտրամադրի Կորեայի զարգացման հիմնադրամը, որի մասնագետները եկան, տեսան եւ պատրաստականություն հայտնեցին օժանդակել», - հավելեց Ղարիբջանյանը:

Լրագրողները կաշխատեն դահլիճի ներսում կառուցված երկրորդ հարկում: Նրանք այլեւս չեն կարողանա մուտք գործել նիստերի դահլիճ:

Հարցին, թե արդյոք դա չի սահմանափակի լրագրողների շփումը պատգամավորների հետ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը արձագանքեց. - «Կարծում եմ, որոշ պատգամավորների իրենք կբարձրանան լրագրողների մոտ: Որեւէ դժվարություն չի լինի. մամուլի վարչությունը միշտ կօգնի ձեզ ցանկացած պատգամավորին հարց ուղղելու»:

XS
SM
MD
LG