Մատչելիության հղումներ

Օգոստոսին Թուրքիայում ձեւավորվել է հայ եւ թուրք բասկետբոլիստների համատեղ թիմ: Հայաստանի Բասկետբոլի պատանեկան հավաքականից Թուրքիա էին մեկնել 2 մարզիչներ ու 12 մարզիկներ` 6 աջիկ, 6 տղա: Առաջիկայում թիմակիցների հետ հանդիպում է սպասվում ԱՄՆ-ում:

Sports United անունը կրող ծրագիրն իրականացնում է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հովանավորվող World Learning կազմակերպությունը, նպատակն է հակամարտող երկրների երիտասարդներին սպորտային, կրթական եւ մշակութային միջոցառումների միջոցով մտերմացնել, շփման հնարավորություն ստեղծել:

Երեխաների հետ աշխատել է NBA-ի նախկին մարզիկ Ջորջ Մուրեշանին, ով խոստացել է ԱՄՆ այցելության ժամանակ պատանիներին ծանոթացնել նաեւ թիմակից ընկերների հետ:

Հայկական հավաքականի մարզիչ Արեգ Վաթյանի խոսքով` հայ-թուրքական թիմը խաղացել է թուրքական ավագ դպրոցների թիմերի հետ եւ հաղթել: Ծրագիրն իրականացվել է Թուրքիայում, քանի որ այդ օրերին Իզմիր քաղաքում ընթանում էր բասկետբոլի աշխարհի առաջնությունը:

Հայաստան վերադարձից առաջ պատանիները պատրաստել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված պաստառ, որում հարցնում են, թե արդյո՞ք բասկետբոլի սիրահար Օբաման կհամաձայնի իրենց հետ խաղալ: Պաստառը հանձնել են Թուրքիայում ԱՄՆ դեսպանին, որպեսզի նա ուղարկի Սպիտակ տուն:

XS
SM
MD
LG