Մատչելիության հղումներ

Հովհաննես Թումանյանի ծննդավայրում` Դսեղում, կիրակի օրը բացվեց տիկնիկային թատրոնների 5-րդ միջազգային փառատոնը` «Թումանյանական հեքիաթի օր» խորագրի ներքո: Փառատոնի բացմանը եկել էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` կնոջ եւ որդիների հետ:

Հայաստանի Տիկնիկային գործիչների միության նախաձեռնությամբ անցկացվող փառատոնին այս տարի մասնակցում են 22 տիկնիկային թատրոններ 10 երկրներից` Վրաստանից, Բելգիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Բուլղարիայից, Դանիայից եւ այլն: Մասնակիցների թվում են նաեւ տիկնիկային թատերախմբեր Արցախից եւ Ջավախքից:

Միության նախագահ Արմեն Սաֆարյանի խոսքով, փառատոնը նաեւ խթանում է հայաստանյան տիկնիկային թատերախմբերին. - «Ամեն տարի նոր ներկայացումներ են բեմադրում: Ես նկատի ունեմ հատկապես շրջանների թատրոնները»:

Բացի այդ, փառատոնի շնորհիվ նոր թատերախմբեր են ստեղծվել. - «Դսեղում արդեն մենք ունենք «Կաթիլ» դպրոցական տիկնիկային թատերախումբը, որն ամեն տարի նոր ներկայացում է պատրաստում»:

Փառատոնը Դսեղում կշարունակվի մինչեւ շաբաթավերջ: Իսկ սեպտեմբերի 18-ին Երեւանում կանցկացվի տոնական հանդիսություն-շքերթը, որը ավանդաբար կմեկնարկի Հովհաննես Թումանյանի թանգարանից:

XS
SM
MD
LG