Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը փորձում է բյուզանդական ոճի դիվանագիտություն կիրառել»


Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Բաքվում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ, 3-ը սեպտեմբերի, 2010թ.

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Բաքվում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ, 3-ը սեպտեմբերի, 2010թ.

«Ռուսաստանը փորձում է մեր տարածաշրջանում բյուզանդական ոճի դիվանագիտություն կիրառել, եւ միգուցե դա նրա մոտ ստացվում է», - ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Բաքու:

«Իրականում, որ Ռուսաստանը կդառնա Հայաստանի անվտանգության միակ կամ գլխավոր երաշխիքը` կարծում եմ, ո'չ պետք է սպասել եւ ո'չ էլ Հայաստանը դրա կարիքը ունի», - ընդգծեց քաղաքագետը` հավելելով. - «Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը ունի իր շահերը, եւ իր շահերը միշտ չէ, որ բոլոր հարցերում Հայաստանի անվտանգության շահերի կամ նպատակների հետ են համընկնում»:

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ այնպիսին է, որ եթե սկսվեն ռազմական գործողությունները, ապա շատ մեծ հավանականություն կա, որ չսահմանափակվեն միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում, իսկ այդ դեպքում այն պարտավորությունները, որ Ռուսաստանը ունի Հայաստանի հանդեպ` ե'ւ երկկողմ, ե'ւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, պիտի աշխատեն», - կարծում է Սերգեյ Մինասյանը:

Դա, ըստ նրա, «չի նշանակում, որ Ռուսաստանը անպայման դա էֆեկտիվ կանի, բայց եթե դա չանի Ռուսաստանը, ապա երկրորդ օրը դրանից հետո, եւ կարեւոր չէ` ինչ ձեւով կվերջանան հնարավոր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի գոտում, Ռուսաստանում հասկանում են, որ հարց կդրվի ընդհանրապես Հայաստանում ռուսական ռազմական ներկայության նպատակահարմարության»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի խոսքով` թեեւ Բաքվում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ կնքված նոր պայմանավորվածությամբ «Գազպրոմ»-ին վաճառվող ադրբեջանական գազի ծավալները գալիք տարվանից կմեծացվեն 4 անգամ, ինչպես նաեւ Բաքվում խոսվեց ռուս - ադրբեջանական ռազմավարական գործընկերության վերաբերյալ, սակայն կարեւորն այն էր, որ «Ադրբեջանը, ըստ երեւույթին, հարցրել է Հայաստանի հետ կապված այս նոր պայմանագրի վերաբերյալ, իրոք պատասխանը եղել է շատ հստակ. Մեդվեդեւի խոսքերով` այդ ռազմաբազան ունի նպատակ Կովկասում անվտանգություն եւ ստաբիլություն պաշտպանելու գործում»:

«Պատասխանը ասված էր` որ քայլ էր նոր պատերազմների դեմ», - նշեց փորձագետը` շարունակելով. - «Փաստ է, որ, իհարկե, Ռուսաստանը կտրուկ իր խոսքը ասաց ապագա դեստաբիլիզացիա անողներին, ովքեր մեծ հույս ունեին, որ կարող էին գտնել Ռուսաստանից ինչ-որ աջակցություն»:

«Միանշանակ է, որ որեւէ մեկը այս տարածաշրջանում` լինի դա Թուրքիա, լինի դա Ադրբեջան, միայնակ որոշում չեն կարող ընդունել պատերազմ սկսելու: Պատերազմ սկսելը քաղաքական լուրջ որոշում է եւ կախված է շատերի հետ: Ադրբեջանը ամեն կերպ փորձում է այդ քարտ-բլանշը ստանալ միջազգային հանրությունից, նույն Ռուսաստանից, որովհետեւ նա փայլուն գիտի, որ պատերազմը` դա իր գործը չէ, ինքը կարող է դրա մեջ մասնակցել, բայց ինքը չի կարող որոշել ո'չ սկսելը, ո'չ էլ հաշվարկել այն հետեւանքները, որոնք կարող են լինել», - ասաց Մանվել Սարգսյանը:

Միեւնույն ժամանակ, ըստ փորձագետի, «փորձը ցույց է տվել, որ ոչ մի պայմանագիր ոչ մի բան չի նշանակում». - «Այդ պայմանագիրը [Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին արձանագրությունը] Ռուսաստանին մեծ լիազորություններ է տվել: Այդ լիազորությունները Ռուսաստանը այս կամ այն քաղաքական իրավիճակներում ոնց է օգտագործելու` դա արդեն լրիվ ուրիշ խնդիր է. պետք լինի` կօգտագործի: Ասենք, 2008 թվականի օգոստոսին Վրաստանում նա ինչ-որ լիազորություններ ուներ` խաղաղապահ զորքեր ուներ, եւ կոնկրետ ինչ-որ իրավիճակում օգտագործեց այդ լիազորությունները լրիվ այն ձեւերով, որ բացի Ռուսաստանից ոչ մեկի համար ընդունելի չէին»:

«Լիազորությունները կան, ամեն ինչը Ռուսաստանի ձեռքին է: Նա կարող է այդ լիազորությունները շատ թանկ վաճառել: Նա հիմա վաճառում է մի քիչ. մի քիչ վաճառեց` Ադրբեջանից գազ վերցրեց, վաղը ինչ-որ մի բան կարող է վաճառել Թուրքիային: Անպայման չէ, որ ռեալիզացնելու համար էին այդ լիազորությունները. Հայաստանից ստանում են լիազորություններ` հետո օգտագործում ճիշտ այնպես, ինչպես պետք է», - ընդգծեց Մանվել Սարգսյանը` միաժամանակ հավելելով. - «Բայց դա չի նշանակում, որ Հայաստանն ու Ռուսաստանը իսկապես չունեն ռազմավարական շահեր. ունեն` ոնց որ Հայաստանի համար է թուրք - ադրբեջանական մերձեցումը մեծ վտանգ, ճիշտ այդպես էլ Ռուսաստանի համար է դա շատ մեծ վտանգ: Սա մենք պիտի լավ հասկանանք»:

«Դրա համար, երբ Հայաստանում բարձր խոսում են, պետք է ամեն ինչի մասին խոսել` ե'ւ վտանգների մասին, ե'ւ այն հնարավորությունների, որոնք ստեղծվել են: Դա միանշանակ չէ. նման քաղաքականության մեջ շատ մեծ վտանգներ գոյություն ունեն», - ամփոփեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG