Մատչելիության հղումներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի մասնակցի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շաբաթ օրը հայտարարեց սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին իր ներկայացուցիչների մասնակցությունը առկախելու մասին:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարակուսանքով եւ ափսոսանքով տեղեկացավ, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը Թուրքիո իշխանությունների կողմից անհիմն պատճառաբանությամբ հետաձգվում է։ Մայր Աթոռին վստահեցվել էր, որ սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող Պատարագից մեկ շաբաթ առաջ եկեղեցու գմբեթին մնայուն կերպով պիտի զետեղվեր օծված խաչը», - ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «որ ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը»:

Սեպտեմբերի 19-ի պատարագին մասնակցելուց հրաժարվելու մասին մեկ շաբաթ առաջ հայտարարել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG