Մատչելիության հղումներ

Մեկնարկում է հաշմանդամային սպորտի հանրապետական մրցարշավը


Սեպտեմբերի 4-ից մեկնարկում է հաշմանդամային հինգ սպորտաձեւերի հանրապետական մրցաշարը` «Սպորտով դեպի հասարակություն» խորագրի ներքո: Մեկնարկը կտրվի լողի հայաստանյան առաջնությամբ: Մրցաշարին կմասնակցեն 150 մարզիկներ Երեւանից եւ մարզերից:

«Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում ստեղծվել է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան, որն էլ գլխավորում է այս մրցաշարի անցկացումը:

Կանցկացվեն առաջնություններ 5 հաշմանդամային սպորտաձեւերից` հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող մարզիկների հայաստանյան լողի առաջնություն, հայկական ավանդական նավերով առագաստանավային հայաստանյան առաջնություն, գոլբոլի երկրորդ, սեղանի թենիսի եւ բոչիայի առաջնություններ:

«Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» երկամյա ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, այն իրականացվում է «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի ընդհանուր արժեքը 127.000 եւրո է, որի 80%-ը տրամադրում է Եվրամիությունը:

Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանի խոսքով` մրցաշարն անցկացնելու հարցում ամենաբարդ գործընթացը տեղական պետական կառույցների հետ գործ ունենալն է. իրենց աջակցելու խնդրանքով դիմել են սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին ու մերժում ստացել:

XS
SM
MD
LG