Մատչելիության հղումներ

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը պայմանագիր է կնքել Մշակույթի նախարարության հետ


Ուրբաթ օրը Հայաստանի մշակույթի նախարարության եւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի միջեւ ստորագրվեց պատմամշակութային ժառանգության պահպանության, թանգարանային հավաքածուների ուսումնասիրության, գրական, գրահրատարակչական եւ թարգմանական ոլորտներում համագործակցության պայմանագիր:

«56 տարի է, որ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը համագործակցում է Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ. երեկ Խորհրդային Հայաստան էր, այսօր անկախ Հայաստան է, բայց մեր ուղին եւ մեր գործունեությունը մնում են անշարժ: Այսինքն` նպաստել հայ ժողովրդի մտավոր եւ նյութական զարգացմանը», - ասաց հիմնադրամի հայաստանյան բաժանմունքի ղեկավար Զավեն Եկավյանը: - «Պիտի շարունակենք ինչ որ սկսված էր Գալուստ Գյուլբենկյանի կտակի օրով»:

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ուրբաթ օրը ավելի ուշ Եկավյանին հանձնվեց ինստիտուտի բարձրագույն պարգեւը` արձաթե հուշամեդալը:

Հարկ է նշել, որ միայն անկախության տարիներին հիմնադրամի տրամադրած միջոցներով հրատարակվել են 100-ից ավելի գիտական աշխատություններ, սկսվել է Ավետիք Իսահակյանի երկերի ակադեմիական հրատարակությունը: Զավեն Եկավյանի անձնական նախաձեռնությամբ հիմնադրամը ձեռնամուխ է եղել ողջ հայ գրականությունը` սկսած Մեսրոպ Մաշտոցից, մեկ մատենաշարով հրատարակելու գործին:

Եկավյանը փոխանցեց, որ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ջանքերով հայագիտական ամբիոններ են ստեղծվել աշխարհի լավագույն համալսարաններում. - «Ստեղծել ենք Օքսֆորդի հայագիտական ամբիոնը, Լիոնի համալսարանի հայագիտական ամբիոնը, Ժնեւի համալսարանի հայագիտական ամբիոնը եւ այլն, եւ այլն»:

XS
SM
MD
LG