Մատչելիության հղումներ

Բացվեց «Արմենիա Էքսպո 2010» ցուցահանդեսը


Մարզահամերգային համալիրում բացվել է «Արմենիա Էքսպո 2010» ցուցահանդեսը:

Մարզահամերգային համալիրում բացվել է «Արմենիա Էքսպո 2010» ցուցահանդեսը:

Ուրբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում բացվեց «Արմենիա Էքսպո 2010» տարածաշրջանային 10-րդ առեւտրա-արդյունաբերական ունիվերսալ ցուցահանդեսային ֆորումը։

Ներկայացված են ավելի քան 180 տեղական եւ օտարերկրյա կազմակերպություններ 14 պետություններից: Մասնակից երկրների շարքում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Արաբական Էմիրությունները, Գերմանիան, Վրաստանը, Թուրքիան, Չինաստանը, Լեհաստանը, Իտալիան: Հիմնականում ներկայացված են շինարարության, արդյունաբերական ոլորտի, կենցաղային եւ սպառողական ապրանքներ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը (ձ) եւ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Ֆորումն ուղղված է բիզնես միջավայրի բարելավմանը: Այն բացառիկ հնարավորություն է կազմակերպելու շփումներ ձեռնարկատերերի միջեւ, մեզ համար կարեւոր է, որպեսզի պահպանվի նրա միջազգային կարգավիճակը եւ լինեն օտարերկրյա մասնակիցներ»,- բացելով ցուցահանդեսը` ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` շարունակելով. - «Դրա շնորհիվ մենք նաեւ գնահատում ենք բիզնես միջավայրը Հայաստանի Հանրապետությունում, բացահայտում ենք մեզ համար հետաքրքրությունները, որոնք ներդրողները դրսեւորում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ»:

Արցախի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչ Մարգարիտա Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսին մասնակցելը շատ կարեւոր է Արցախի ձայնը լսելի դարձնելու առումով:

«Սա Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը ներկայացնելու ստուգայցն է, երբ ամառվա տապից հետո ներկայացնում ենք հանրությանը, թե ինչ ունենք եւ կարող ենք ունենալ առաջիկայում», - հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Թուրքական «Բինա Յափի» ընկերությունը, որի հայաստանյան ներկայացուցիչը «Մետալլես» ընկերությունն է, առաջարկում է դեկորատիվ մեկուսիչ պանելներ: Ընկերության գլխավոր ինժեներ, ազգությամբ թուրք Մեսութ Սեզարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ուսումնասիրել է շուկան եւ հավատում է, որ Հայաստանի շնորհիվ կունենա ավելի շատ պատվերներ:

«Այս գործը սկսել ենք Եվրոպայից, անցել ենք Միջին Ասիա, տարածաշրջանում խոշոր պատվերներ ունենք եւ հույս ունենք, որ Հայաստանը, լինելով պատվիրատու, կդառնա պլատֆորմ մեր հետագա գործողությունները կարգավորելու համար», - ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե որքանով է կարեւորում եւ հնարավոր համարում հայ-թուրքական սահմանի բացումը` Մեսութ Սեզարը ասաց. - «Դա քաղաքականություն է, որն արվում է քաղաքական գործիչների կողմից: Մենք ընդամենը գործարարներ ենք, գործարարությունն է, որ նպաստելու է քաղաքականության պարզեցմանը: Մենք հավատում ենք, որ վաղ թե ուշ փակ սահմանի հետ կապված այդ ամբողջ պատմության վրա լույս կսփռվի»:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբերի 5-ը:

XS
SM
MD
LG