Մատչելիության հղումներ

Հարազատների պնդմամբ, Հարությունյանին կրկին սպառնացել են


Աշոտ Հարությունյանը (կենտրոնում) ցուցմունք է տալիս դատարանում:
Աշոտ Հարությունյանը (կենտրոնում) ցուցմունք է տալիս դատարանում:
Չարենցավանի ոստիկանության բաժնում Վահան Խալաֆյանի մահվան գործով մեղադրյալներից Աշոտ Հարությունյանի հարազատները պնդում են, որ նա կրկին ենթարկվել է ճնշումների:

«Ասել են` եթե դու բերանդ բացես, որեւէ բան ասես, մենք քո գլխին ուրիշ բան կսարքենք», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարությունյանի հայրը: Մեղադրյալի մայրը հավելեց. - «Աշոտին ասել են` եթե դու խոսացիր, կբերենք մեկին, կասենք` այ սրան էլ 5 տարի առաջ դու ես ծեծել, արի պատասխան տուր: Շանտաժի են ենթարկում»:

Հարությունյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին իր պաշտպանյալի նկատմամբ ճնշումների մասին փոխանցեց. - «Աշոտն ինձ ասաց, որ իրեն սպառնում են: Թե դա ինչ կարգի սպառնալիք է եւ ինչի հետ է կապված` ես դա չեմ կարող ասել: Ինչ-որ այլ գործից են խոսել: Ինչ-որ իր շատ խոսել-քիչ խոսելու է հարց է քննարկվել»:

Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը, հիշեցնենք, դատական նախորդ նիստում պնդել էր, թե մյուս ամբաստանյալներին քննիչները ստիպել են իր դեմ ցուցմունք տալ: Նաեւ հայտարարել էր, թե Հատուկ քննչական ծառայությունում իրեն նույնպես առաջարկել էին ցուցմունք տալ իր ղեկավարների դեմ:

Հարությունյանի հարազատների պնդմամբ, ոչ միայն իրենք, այլեւ բոլոր չարենցավանցիները գիտեն, թե իրականում է ով է ոստիկանության բաժնում ծեծի ենթարկել Խալաֆյանին, սակայն բոլորը վախենում են այդ մասին խոսել:

Իսկ այսօր նշանակված դատական նիստը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց` ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի առողջական վիճակի պատճառով:

Հարությունյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իր պաշտպանյալը արդեն չորրորդ օրն է, որ իրեն շատ վատ է զգում, ունի սրտխառնոց եւ թուլություն:

Հիշեցնենք, որ Հարությունյանի հարազատները մտավախություն են հայտնել, թե նրան կարող են թունավորել:

Դատարան ժամանած «Շտապ օգնության» բժիշկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Հարությունյանը դիսբակտերիոզ ունի` բացառելով թունավորումը:

Մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Պաշտպանի հետ միասին ես ներկա եղա, երբ բժիշկը զննում էր Աշոտ Հարությունյանին: Աշոտ Հարությունյանը հայտնեց, որ ինքը վաղուց ունի խրոնիկական դիսբակտերիոզ, աղիների հիվանդություն: Սա իր հիվանդության հերթական դրսեւորումներից մեկն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG