Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանություններին առաջարկում է դաշինք կնքել


Արմեն Ռուստամյան
Արմեն Ռուստամյան

Դաշնակցությունը կողմ է Ղարաբաղի անկախության միջազգայնորեն ճանաչմանը եւ սկզբունքորեն դեմ չէ նաեւ, որ առաջինը Հայաստանը ճանաչի անկախությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունը միանա Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման` «Ժառանգություն» կուսակցության օրենսդրական նախաձեռնությանը, Ռուստամյանը պատասխանեց, թե դեմ չլինելով հանդերձ` այդուամենայնիվ, կողմ չեն, որ դա լինի առանձին քաղաքական ուժի նախաձեռնություն:

«Դա պետք է լինի համաձայնեցված, առաջին հերթին` Հայաստան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սա լուրջ ազգային հարց է, եւ քանի այդ համաձայնությունը չկա, այդ պահի ճշգրիտ գնահատումը չկա, մենք չենք կարող, ի վերջո, մեր քայլերով ինչ-որ առանձին գիծ տանել, որը ոչ մի արդյունք կարող է չտալ, ընդհակառակը` կարող է, օրինակ, հարցեր առաջացնել», - ընդգծեց դաշնակցական պատգամավորը` մանրամասնելով. - «Եթե, օրինակ, մեծամասնությունը, որ այսօր իշխանություն է, դեմ են այսօր ճանաչմանը` Ղարաբաղի հարցի հետ կապված, մտնում է օրակարգ, մերժում է դա ստանում` չի՞ կարող Ադրբեջանն օգտագործել, որ` «տեսեք, Հայաստանում էլ միանշանակ չեն ընդունում, Ղարաբաղը պետք չի ճանաչել»:

Հենց այս նկատառումներով Դաշնակցությունն առաջարկում է Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանություններին միմյանց հետ դաշինք կնքել:

Արմեն Ռուստամյան.
ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կլինի հանգրվան, որը կհասունացնի նաեւ Ղարաբաղի ճանաչումը ...
«Առնվազն դաշինքի գնալը, մենք գտնում ենք, հասունացած է: Այսինքն` ռազմաքաղաքական դաշինք կնքել Լեռնային Ղարաբաղի հետ, որտեղ այդ ամենի մասին կարելի է խոսել` առանց կատարելու այդ, այսպես ասած, փաստը պաշտոնական, որի համար կարող են, ասենք, առաջանալ անցանկալի դրսեւորումներ բանակցային գործընթացում: Բայց որեւէ մեկը մեզ չի կարող այսօր ասել, թե «ինչո՞ւ դուք այդ դաշինքը կնքեցիք», երբ տեսնում են Ադրբեջանի հայտարարությունները, երբ այս մթնոլորտում անվտանգության խնդիրը դարձել է կարեւորագույն հարց, օրական մենք տեսնում ենք սահմանների վրա կրակոցներ, մարդիկ են զոհվում», - հայտարարեց Արմեն Ռուստամյանը: - «Այսինքն` ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կլինի հանգրվան, որը կհասունացնի նաեւ Ղարաբաղի ճանաչումը: Որովհետեւ ինքնին ճանաչումը այդ հարցը չի լուծում»:

«Պետք չի մենք այսպես վախվորած վիճակում մնանք եւ անընդհատ, այսպես ասած, սպասենք, թե Ադրբեջանը վաղը ինչ կանի, որ դրան հակազդենք: Մենք պետք է մի քիչ նախաձեռնողական քաղաքականություն վարենք, որը չի երեւում այսօր, դժբախտաբար», - շեշտեց Արմեն Ռուստամյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը չպետք է ինքնանպատակ լինի: Իսկ Հայաստան - Լեռնային Ղարաբաղ ռազմաքաղաքական դաշինքի առնչությամբ Շարմազանովը ասաց. - «Իշխող քաղաքական ուժերը եւ կոալիցիան` նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, անում են եւ անելու են ամեն ինչ, օգտագործելով քաղաքականության մեջ ընդունված բոլոր ճանապարհներն ու մեթոդները, որպեսզի հասնենք եւ նպաստենք Արցախի անկախության միջազգային ճանաչմանը»:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Ռուբեն Հակոբյանը հակառակ կարծիքի է։ Նրա պնդմամբ, նախ պետք է Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը։

«Հայաստանի կողմից ճանաչելու դեպքում շատ ավելի անկաշկանդ, քաղաքականապես եւ բարոյապես շատ ավելի հասկանալի, եւ արդյունքի տեսակետից՝ շատ ավելի սպասելի կլինեն միջազգային կառույցներում լոբբիստական աշխատանքներ տանելու համար»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե ՀԱԿ-ը դեմ է, որ Հայաստանը հիմա ճանաչի Ղարաբաղի անկախությունը։

«Հայաստանը ոչ թե պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այլ պետք է անի այնպիսի քայլեր, որոնք նպաստեն նրա միջազգային ճանաչման գործընթացին», - ասել է ՀԱԿ-ի համակարգողը։

Ռուբեն Հակոբյան.
Բոլոր ժամանակների մեծամասնությունները նույնն են ...
«1992 թվականին, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, քաղաքական մեծամասնությունը նույնպես դեմ էր Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը», - հիշեց Ռուբեն Հակոբյանը. - «Մինչդեռ, այդ տարիները նման քայլի դիմելու լավագույն ժամանակն էր։ Բոլոր ժամանակների մեծամասնությունները նույնն են։ Այդ նույն բառամթերքը, որ այսօր օգտագործվում է, որ պետք է ճիշտ ժամանակը գտնել, որ ինքնանպատակ չլինի, օգտագործվում էր նաեւ այն ժամանակ»։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը՝ ՀՀԿ-ից պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, սակայն, պնդում է, որ այսօր Ղարաբաղի հիմնահարցի շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում, եւ քանի դեռ գործընթացը շարունակվում է, Հայաստանի իշխանությունները մշտապես բարձրացնում են Ղարաբաղի ինքնորոշման եւ անկախության հարցը։

«Մենք ասում ենք, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի եւ բանակցում ենք, որ Ադրբեջանը հասկանա, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը արդեն կայացել է», - հայտարարեց Շարմազանովը՝ հավելելով, թե երբ քաղաքական մեծամասնությունը զգա, որ Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման համար լավագույն տարբերակը Հայաստանի կողմից ճանաչումն է, այդ քայլը կիրականացվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG