Մատչելիության հղումներ

Ադամ Շիֆը կոչ է անում ԱՄՆ-ի հանրայինով ցուցադրել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը


Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում, 5-ը մայիսի, 2008թ.
Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում, 5-ը մայիսի, 2008թ.
Կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել Միացյալ Նահանգների հանրային հեռուստատեսության ղեկավար Փոլ Քերգերին` կոչ անելով ցուցադրել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Աղետ» ֆիլմը:

1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից մեկուկես միլիոն հայերի ոչնչացման, այնուհետեւ` թուրքական պետության ժխտողական քաղաքականության հետեւանքների մասին պատմող այս ֆիլմը նկարահանվել է գերմանական Հանրային հեռուստատեսության պատվերով:

Գերմանիան մինչեւ այժմ չի ճանաչել 1915 թվականի իրադարձությունները իբրեւ ցեղասպանություն:

Ֆիլմի ռեժիսորը գերմանացի Էրիկ Ֆրիդլերն է:

Նախորդ դարի ողբերգական իրադարձությունների նկարագրությունը 90 րոպեներում է տեղի ունենում` հիմնականում վավերագրության, նաեւ` գերմանացի հայտնի դերասանների հնչյունավորած տեքստերի միջոցով:

Սցենարը կառուցված է եվրոպական ու ամերիկյան աղբյուրների վրա: Ֆիլմում օգտագործվել են նաեւ նախկինում չհրապարակված վավերագրական բացառիկ փաստեր, որոնք ցեղասպանության ականատեսների, հիմնականում` դիվանագետների վարած նամակագրությունն են ներկայացնում:

«Այդ փաստերը առաջին ձեռքից են ստացվել», - ֆիլմի ստեղծմանը անդրադառնալով` գրել է գերմանական Spiegel-ը` ներկայացնելով նաեւ հատվածներ ֆիլմում հնչած տեքստից:

Վկայակոչվում են 1917 թվականին Արեւելյան Անատոլիայում գտնվող Խարբերդ նահանգում ամերիկյան հյուպատոս Լեսլի Դեյվիսի խոսքերը, որն իր նամակներից մեկում գրել է. - «Մարդասպանություն բառը, ինչքան էլ այն սարսափելի լինի, տեղի ունեցածի հետ համեմատած ուղղակի մեղմ է հնչում»:

«Աղետ»-ում նշվում է, թե ցեղասպանությունից հետո Թալեաթն իր մոտ է կանչել Օսմանյան Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուին, ով ավելի ուշ պիտի գրեր, որ թուրք պաշտոնյան իրենից պահանջել է ամերիկյան ապահովագրական ընկերությունների` New York Life Insurance-ի եւ Equitable Life of New York-ի հայ հաճախորդների անունները: «Հայերն արդեն մահացել են եւ չունեն ժառանգներ, իսկ նման դեպքում կառավարությունը նրանց ունեցվածքը տնօրինելու իրավունք ունի», - իր պահանջը հիմնավորել է թուրք պաշտոնյան: Ամերիկայի դեսպանը մերժել է նրա պահանջը կատարել», - գրում է Spiegel-ը:

Մի քանի տարի առաջ ցեղասպանության զոհերի ժառանգները շուրջ 37.5 միլիոն դոլարի փոխհատուցում ստացան New York Life Insurance եւ ֆրանսիական AXA ապահովագրական ընկերություններից։

Ադամ Շիֆի կարծիքով` «դա մի ֆիլմ է, որը պետք է դիտի յուրաքանչյուր ամերիկացի, եւ ամերիկյան Հանրային հեռուստատեսությունն էլ ստեղծվել է նմանատիպ տեսանյութեր հեռարձակելու համար»:

«Ցուցադրելով այդ ֆիլմը` ալիքը հեռուստադիտողին կմատուցի դաստիարակչական բավականին լուրջ ծառայություն», - Հանրայինի ղեկավարին հղած իր նամակում փաստարկել է հայաշատ Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ օրենսդիրը:

Ամերիկայում ֆիլմն արդեն իսկ ցուցադրվել է, չնայած` հանդիսականների նեղ շրջանակում. Ադամ Շիֆի նախաձեռնությամբ այն առաջին անգամ դիտել են Միացյալ Նահանգների Կոնգրեսում` այս տարվա հուլիսի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG