Մատչելիության հղումներ

Թուրք քաղաքագետը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պարտադիր պայման չի համարում ԼՂ հարցի լուծումը


Թուրք քաղաքագետ Բեհլուլ Օզքանը (ձ) լրագրողների հետ հանդիպմանը: Երեւան, 2-ը սեպտեմբերի, 2010թ.
Թուրք քաղաքագետ Բեհլուլ Օզքանը (ձ) լրագրողների հետ հանդիպմանը: Երեւան, 2-ը սեպտեմբերի, 2010թ.

«Ամենեւին էլ պարտադիր չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ամբողջությամբ լուծվի Ղարաբաղի հարցը», - հինգշաբթի օրը Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Ստամբուլի Բողազիչի համալսարանի արտաքին քաղաքականության դասախոս, քաղաքագետ Բեհլուլ Օզքանը:

«Բոլորս էլ իրատես ենք եւ հասկանում ենք, որ նման բան հնարավոր չէ, սակայն թուրքական կառավարությանը պետք է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում գոնե ինչ-որ դրական առաջընթաց գրանցվի, ինչը պաշտոնական Անկարան կկարողանար հրամցնել իր ժողովրդին ու հասարակությանը: Իսկ դա իր հերթին Թուրքիայի կառավարությանը սահմանը բացելու հիմք կտար», - փաստարկեց նա:

Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությունների շարք ներկայացնելու առաքելությամբ Հայաստան ժամանած քաղաքագետի գնահատմամբ, ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանի հետ ամենասերտ դաշնակցային հարաբերություններ ունեցող Թուրքիան «չէր անտեսի Ադրբեջանի շահը»: Ըստ այդմ` հայ-թուրքական արձանագրություններում նախանշված գործընթացները «երբեք չէին կարող դիտարկվել հայ-ադրբեջանական հարաբերություններից անջատ»:

Բացի այն, որ Թուրքիայում Ադրբեջանն ընկալում են իբրեւ դաշնակից եւ բարեկամ երկիր, Բեհլուլ Օզքանը հայ-թուրքական արձանագրությունների շրջանակում Թուրքիայի դրսեւորած վարքագծի համար վկայաբերում է նաեւ հետեւյալ փաստարկը. - «Մի կողմից 10 միլիոն բնակչություն ունեցող, նավթով հարուստ եւ թուրքերեն խոսող Ադրբեջանն է, մյուս կողմից` 2.5 միլիոն բնակչությամբ, փակ սահմաններով ու առեւտրային հարաբերություններ չունեցող Հայաստանը: Եվ այս երկընտրանքի պայմաններում Անկարան պարզապես չի կարող առանց ղարաբաղյան հարցում դրական զարգացումների, գնալ Հայաստանի հետ հարաբերությունների խորացման: Այդպիսի քայլերի համար Թուրքիայի կառավարությանը արդարացում է պետք»:

Օզքանի կարծիքով, իբրեւ այդպիսի զարգացում կարող է լինել «գրավյալ տարածքների գոնե մեկ հատվածից հայկական ուժերի սիմվոլիկ դուրս բերումը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչպես կբացատրի այն, որ Թուրքիան մեկ տարի առաջ Ցյուրիխում ստորագրեց մի փաստաթղթի տակ, որում նախապայմաններ, այդ թվում` ղարաբաղյան առաջընթացին առնչվող, նշված չեն, թուրք քաղաքագետը պատասխանեց. - «Իմ տեղեկություններով, արձանագրությունների տեքստում նախապայմաններ չներառելը դեռեւս փաստաթղթի մշակման փուլում եղել է հայկական կողմի ցանկություն-պահանջը, ինչին թուրքական կողմը դեմ է եղել»:

Օզքանը չհամաձայնեց այն կարծիքներին, թե Թուրքիայի կառավարությունն այդպիսով մտավ ի սկզբանե ձախողման դատապարտված մի գործընթացի մեջ, քանի որ իրեն պետք էր ոչ թե արդյունքը, այլ բուն գործընթացն ու դրան ուղեկցող քարոզչությունը:

«Կարծում եմ, Թուրքիայի կառավարությունն անկեղծ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր ցանկությամ մեջ եւ ամենեւին էլ ժամանակ շահելու նպատակ չի հետապնդել», - ասաց նա:

Ասուլիսին մասնացող հայաստանցի թուրքագետ Արտակ Շաքարյանը այս կապակցությամբ ասաց. - «Համամիտ չեմ: Ես համոզված եմ, որ Թուրքիային պետք էր գործընթացը, Թուրքիային պետք չէր արդյունքը: Թուրքիան քաջ գիտակցելով, որ Արցախի հարցում որեւէ առաջընթաց չի կարող ունենալ Հայաստանից, որովհետեւ սա հայկական իշխանությունների համար քաղաքական ինքնասպանություն կլիներ, մտավ խաղի մեջ` պարզապես հենց նույն ժամանակ շահելու եւ եւս մեկ Ապրիլի 24 անցնելու համար»:

Բեհլուլ Օզքանը ասուլիսի վերջում հարկ համարեց «ցրել մի շատ թյուր կարծիք». նա հայտարարեց, թե Թուրքիան ամենեւին էլ Ղարաբաղյան պատերազմի պատճառով չէ, որ փակել է Հայաստանի հետ սահմանը:

«Երբ Հայաստանը գործողություններ էր իրականացնում Լեռնային Ղարաբաղում, սահմանը բաց էր: Այն փակվեց, երբ այդ գործողությունները դուրս եկան Ղարաբաղի տարածքից ու հասան Քելբաջան», - ասաց թուրք քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG