Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Ղարաբաղյան կարգավորումը անհրաժեշտ է Կովկասում կայունության համար»


Ահմեդ Դավութօղլու
Ահմեդ Դավութօղլու

Ղարաբաղյան խնդրի կարգավորումը անհրաժեշտ է Կովկասում կայունության հաստատման համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն չորեքշաբթի օրը երկրի արեւելյան շրջաններ այցելության ժամանակ:

«Հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորումն անհրաժեշտ է, որպեսզի Կովկասը դառնա խաղաղ, կայուն եւ բարգավաճ տարածաշրջան», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Այդ առումով նա կարեւորել է ինչպես հայ - թուրքական, այնպես էլ հայ - ադրբեջանական սահմանի բացումը:

Կարսի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այն դիտարկմանը, թե թուրքական ապրանքը Հայաստան է փոխադրվում Վրաստանի տարածքով, ի վերջո` ե՞րբ է հնարավոր հայ - թուրքական սահմանի բացումը, Դավութօղլուն պատասխանել է. - «Կովկասյան տարածաշրջանի նկատմամբ մեր ռազմավարությունը խարսխված է որոշակի հիմքերի վրա: Թուրքական կառավարությունը ջանքեր է գործադրում, որպեսզի այդ ռազմավարությունը հաջողությամբ պսակվի: Միակողմանի կարգավորումը տեւական չի լինի: Տարածաշրջանում բոլոր սահմանները պետք է բաց լինեն, որպեսզի տարածաշրջանը զարգանա: Հայ - թուրքական եւ հայ - ադրբեջանական սահմանների բացումը խաղաղություն եւ բարգավաճում կբերեն տարածաշրջանին»:

«Մենք ցանկանում ենք մեր տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ հարաբերությունների կարգավորում: Անցյալ տարի ստորագրեցինք [Հայաստանի հետ] արձանագրությունները` առաջնորդվելով այս հեռանկարով, եւ թեեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումն անցած տարի չհասավ ցանկալի մակարդակին, բայց Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ հայ - ադրբեջանական խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրվեց», - «Զաման» պարբերականի փոխանցմամբ` ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ինչպես տեղեկացնում է «Չիհան» լրատվական գործակալությունը, Դավութօղլուն նաեւ հայտարարել է, որ Թուրքիան մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող բախումների առնչությամբ, որոնց հետեւանքով գրանցվում են մարդկային զոհեր:

Դավութօղլուն այցելել է Կարս, Աղրը եւ Իգդիր, ինչպես նաեւ Նախիջեւան: Իգդիր այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը մոտեցել է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանամերձ Ախուրյան գետին:

«Զաման»-ի փոխանցմամբ` Դավութօղլուն լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի սահմանների հատման կետում առաջիկա ամիսներին նախատեսված է երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման նպատակը երկրների միջեւ եռակողմ համագործակցության խորացումն է:

«Տվյալ [երեք երկրների սահմանների հատման] հատվածում անցակետեր կան Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, եւ մենք բանակցություններ ենք վարում նաեւ Իրանի հետ անցակետ բացելու շուրջ», - ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG