Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Որոշումը ընդունվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից»


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, Երեւանի քաղաքապետարանի` սեպտեմբերի 17-ին Ազատություն հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկումը մերժելու որոշումը ընդունել է անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը:

Զուրաբյանի համոզմամբ, քաղաքապետարանի որոշումն ընդունվել է «օրենքի կոպիտ խախտմամբ», քանի որ «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքում հստակ սահմանված է, որ «զանգվածային միջոցառումը կարող է արգելվել, եթե նշված օրը, ժամին եւ վայրում անցկացվելու է մեկ այլ զանգվածային կամ ոչ զանգվածային միջոցառում, որի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում»: Իսկ քաղաքապետարանը, ըստ Զուրաբյանի, չի իրազեկել, որ պատրաստվում է անցկացնել «Էրեբունի - Երեւան» տոնակատարության նախապատրաստական աշխատանքներ, ուստի «չի կարող արգելել ընդդիմության հանրահավաքի անցկացումը»:

«Սույն օրենքը տարածվում է բոլորի վրա, այդ թվում` նաեւ Երեւանի քաղաքապետարանի վրա: Երեւանի քաղաքապետարանը չունի արտոնություն անցկացնելու որեւէ միջոցառում, որը չի կարգավորվում այս օրենքով: Մեզ համար ամեն ինչ ակնհայտ է. իշխանությունները սարսափած են, որ ընդդիմությունը կարող է նորից հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, եւ ամենածիծաղելի առիթներով ամեն ինչ անում են, որ Ազատության հրապարակում որեւէ հրապարակային միջոցառում չկայանա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հինգշաբթի օրը ասաց Զուրաբյանը` շարունակելով. - «Բնականաբար, որոշումը ընդունվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից, եւ դա իր հրահանգով քաղաքապետարանը կատարել է: Դա բռնապետի մենթալիտետ է, երբ ցանկացած զիջում նա ընկալում է որպես սեփական իշխանության վերջ: Այսինքն` նրանք պատրաստ չեն որեւէ զիջման գնալ եւ սրանով փորձում են իրենց վախեցած իշխանությունը ամրապնդել»:

Կոնգրեսի համակարգողը չբացառեց, որ, անկախ ամեն ինչից, հանրահավաքը անցկացվի հենց Ազատության հրապարակում: Նրա փոխանցմամբ, հարցը քննարվելու է այսօր գումարվելիք շտաբի նիստում:

Հարկ է հավելել, որ Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է քաղաքապետարանի որոշումը բողոքարկել դատական բոլոր ատյաններում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG