Մատչելիության հղումներ

Ղարաբաղի նախագահը քննադատում է Ադրբեջանի «ծայրահեղ քաղաքականությունը»


«Մենք` իբրեւ գերագույն նպատակ դիտելով մեր անկախությունը, ամեն ինչ անելու ենք, եւ այս աշխատանքները, այս վերաբերմունքը, այս ծառայությունը հայրենիքին մեզ բերելու է այդ անկախությունը միջազգային հանրության կողմից ճանաչելուն», - հինգշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

«Մեր ժողովուրդը 1991 թվականին սեպտեմբերի 2-ին որոշում ընդունեց եւ այդ նույն թվականի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով հաստատեց իր որոշումը եւ 2006 թվականին Սահմանադրության ընդունմամբ վերահաստատեց այդ ամենը», - նշեց Ղարաբաղի նախագահը: - «Անկախությունը մեր ժողովրդի համար բացառիկ արժեք է եւ առաջին հերթին հիմք է դրվել եւ ձեռք է բերվել մեր հազարավոր քաջորդիների գիտակցված զոհաբերության շնորհիվ: Եվ մենք մեր պարտքն ենք համարում առաջին հերթին հիշել բոլոր նրանց եւ իբրեւ արժեւորում նրանց այդ սխրագործության եւ նրանց այդ զոհաբերության` փորձում ենք բոլոր պայմանները ստեղծել այդ անկախությունը, այդ զոհաբերության շնորհիվ ձեռք բերված անկախությունը մեկ անգամ եւս հաստատելու»:

Մեկնաբանելով ՄԱԿ-ում Ադրբեջանի վերջին նախաձեռնությունը` Սահակյանը ասաց. - «Այո, Ադրբեջանը այդպիսի փորձեր իրականացնում է, եւ դա առաջին փորձը չէ: Այս տարիների ընթացքում նրանք բազմիցս հանդես են եկել տարբեր հայտարարություններով, որ Մինսկի խմբի աշխատանքները արդարացված չեն, եւ փորձում են հարցը տեղափոխել այլ միջազգային ատյաններ` հատկապես ՄԱԿ: Մենք խորապես համոզված ենք, որ այդպիսի փորձը չի կարող արդյունավետ լինել ոչ միայն Ադրբեջանի համար, այլ բուն գործընթացի համար, այդ հիմնախնդրի լուծման համար, որովհետեւ, մեր համոզմամբ, հիմնական դժվարությունները եւ այն, որ չենք կարողանում ավելի լուրջ արդյունքներ արձանագրել բանակցային գործընթացում` դա Ադրբեջանի կեցվածքի եւ նրա ծայրահեղ քաղաքականության հետ է կապված»:

«Դա է հիմնական պատճառը, եւ պետք է Ադրբեջանին փորձեր իրականացնել ոչ թե հարցը այլ միջազգային ատյաններ տեղափոխելու, այլ կառուցվածքային մոտեցում ցուցաբերելու, եւ դա միանշանակ կնպաստի այդ նույն հռչակված ճանապարհով, խաղաղ ճանապարհով հիմնախնդրին լուծում տալուն», - հայտարարեց Բակո Սահակյանը:

«Բնական է, չի կարող այսպես երկար շարունակվել: Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունը ոչ միայն Հայաստանին, այլ առաջին հերթին նաեւ միջազգային կազմակերպություններին լուրջ պատնեշներ է բերում, որ ստիպված են նույնպես այդ միջազգային կազմակերպությունները քայլեր ձեռնարկել` դադարեցնելու Ադրբեջանի այսպիսի պահվածքը եւ նրանց գործողությունները», - ընդգծեց Ղարաբաղի նախագահը եւ հավելեց. - «Իսկ այն, ինչ վերաբերում է Հայաստանի կողմից իրականացվող միջոցառումներին եւ քայլերին` անկասկած, եթե այսպես շարունակվի, ե'ւ Հայաստանը, ե'ւ Արցախը, կողմնակից լինելով հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելուն, այնուամենայնիվ, ստիպված ենք լինելու համարժեք քայլեր ձեռնարկել: Որովհետեւ այսպես չի կարող երկար շարունակվի, եւ դա գիտակցում են նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչները»:

Հինգշաբթի օրը Ղարաբաղը նշում է Անկախության տոնը:

Լեռնային Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես ճանաչված չէ որեւէ պետության, այդ թվում` Հայաստանի կողմից:

ԼՂ–ում նշում են Անկախության տոնը
please wait

No media source currently available

0:00 0:02:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG