Մատչելիության հղումներ

Սեւանի մաքրման աշխատանքներում չարաշահումների առթիվ գործեր են հարուցվել


Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր` Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ:

Մամուլի հրապարակումների հիման վրա կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման, արմատախիլ անելու, ինչպես նաեւ այդ ուղղությամբ այլ աշխատանքներ կատարելու համար պետական բյուջեից հատկացված ֆինանսավորմամբ բնապահպանության նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա` 2006-2008 թվականների ընթացքում հայտարարված մրցույթներում հաղթող են ճանաչվել «Ուայդ Գեյթ», 2009 թվականին` «Տրի Գրեն» եւ «Հ. Էլոյան եւ որդիներ» ընկերությունները: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ստուգումների համաձայն` «Տրի Գրեն», «Հ. Էլոյան եւ որդիներ» ընկերությունների կատարած աշխատանքները չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրին, այսինքն` տեխնիկական բնութագրի չափորոշիչներից պակաս են կատարվել համապատասխանաբար 86,5 եւ 331 խորանարդ մետր անտառանյութի խիտ զանգվածի կտրման, մաքրման, տեսակավորման եւ տեղափոխման աշխատանքներ, իսկ «Ուայդ Գեյթ» ընկերության կողմից չեն մաքրվել ջրածածկ անտառատնկարկների շուրջ 35 հեկտար տարածք եւ տեխնիկակական բնութագրի չափորոշիչներից պակաս են կատարվել 795,7 խորանարդ մետր անտառանյութի խիտ զանգվածի կտրման, մաքրման, տեսակավորման եւ տեղափոխման աշխատանքներ:

Չնայած դրան, նշված է դատախազության հաղորդագրությունում, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ընկերության, «Սեւան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության պաշտոնյաները հաստատել են իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտերը, բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնյաներն էլ ընդունել են աշխատանքները կազմված հանձնման - ընդունման արձանագրություններով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր` Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով», 3-րդ մասի 1-ին կետով («յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»), 214-րդ հոդվածի 2-րդ մասով («առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որը առաջացրել է ծանր հետեւանքներ»), ինչպես նաեւ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ («պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») եւ 315-րդ («պաշտոնեական անփութություն») հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործերն ուղարկվել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Հիշյալ հոդվածներով նախատեսված են տուգանքներ, ազատազրկում` առավելագույնը 5 տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG