Մատչելիության հղումներ

«Հայաստանյան շոգն ու «Շախտյոր»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը` ահա այն երկու հիմնական խոչընդոտները, որոնց բախվելու է Իռլանդիայի հավաքականը Երեւանում», - համոզված են իռլանդացի մարզական մեկնաբանները:

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային հավաքականը ուրբաթ օրը Երեւանում հանդիպելու է Իռլանդիայի ընտրանու հետ: Իռլանդիայի ազգային հավաքականի խաղացողներն արդեն Երեւանում են` նրանք Հայաստան ժամանեցին անցած գիշեր:

Դուբլինում լույս տեսնող թերթերը բավական մանրամասնորեն անդրադառնում են երկու ազգային հավաքականների մարզավիճակին եւ հանդիպման հնարավոր ելքին:

Իռլանդական Herald-ը գրում է. - «7 միլիոն դոլարանոց գործարքի արդյունքում «Շախտյոր» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանին իռլանդացիները լավ են հիշում: Երիտասարդական հավաքականների` անցած տարի կայացած խաղի ժամանակ հենց Մխիթարյանն էր, որ երեք գնդակ խփեց Իռլանդիայի հավաքականի դարպասը` ապահովելով Հայաստանի ընտրանու հաղթանակը 4:1 հաշվով»:

«Մխիթարյանը թեեւ շատ երիտասարդ է, բայց դարձել է մեր հավաքականի առաջատարը: Այն փաստը, որ նա պայմանագիր է ստորագրել «Շախտյոր»-ի հետ, վկայում է, թե ինչ բարձրակարգ ֆուտբոլիստ է Մխիթարյանը», - Herald-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը` հավելելով. - «Հույս ունեմ, որ ուրբաթ օրը կայանալիք հանդիպման ընթացքում նա կկարողանա կրկնել մեկ տարվա վաղեմության իր հեթ-թրիկն ընդդեմ իռլանդացիների»:

Դուբլինում լույս տեսնող պարբերականները նաեւ նկատում են, որ իռլանդացի ֆուտբոլիստների համար բավական դժվար է լինելու դիմակայել 35 աստիճան շոգին: Հայաստանի հավաքականի մարզիչն այս առթիվ իռլանդական թերթին ասել է. - «Չեմ բացառում, որ շոգը օգնի մեր թիմին: Մեր հավաքականի անդամների մի զգալի մասը Հայաստանի եւ Իրանի ակումբներում են խաղում եւ սովոր են ուժեղ շոգի պայմաններում դաշտ դուրս գալ»:

Իռլանդիայի հավաքականի մարզիչ Ջովանի Տրապատոնին Irish Times օրաթերթին տված հարցազրույցում ասել է. - «Առաջիկա խաղի ելքի առումով ես բավական լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ հավաքականը հաջողությամբ է մարզվում»:

Իռլանդիայի հեռուստատեսության առաջին ալիքին` RTE-ին տված հարցազրույցում էլ Տրապատոնին նշել է. - «Հայաստանի հավաքականը սեփական դաշտում լուրջ մրցակից է եւ մշտապես լավ տպավորություն է գործում: Դրա հետ մեկտեղ, ես չեմ բացառում, որ մեր հավաքականի անդամներին [մրցակիցները] փորձեն ստիպել կանոնների խախտման գնալ: Մենք պարտավոր ենք սառնասրտություն ցուցաբերել, ինչպես եղավ նախորդ խաղաշրջանում, երբ ոչ մի որակազրկված ֆուտբոլիստ չունեինք: Մենք պետք է հասկանանք, որ ամենակարեւորը խաղի ելքն է»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG