Մատչելիության հղումներ

logo-print

Էդվարդ Նալբանդյանը ապակառուցողական է որակում Ադրբեջանի նախաձեռնությունը


Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյան

«Ադրբեջանի նախաձեռնությունը` բանաձեւի ներկայացումը [ՄԱԿ-ի] Գլխավոր ասամբլեայում, ապակառուցողական քայլ է, որը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին», - չորեքշաբթի օրը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ելույթ ունենալով Երեւանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում` նախարարը ասել է. - «ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը գտնում է, որ այս կարգի հարցերը չպետք է տեղափոխել Գլխավոր ասամբլեա, պետք է քննարկել հաստատված բանակցային ձեւաչափերի շրջանակներում: Հենց դա էր պատճառը, որ 2008 թվականին Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւը աջակցություն ստացավ 192 երկրից միայն 39-ի կողմից, այն էլ մեծամասնությունը Իսլամական կոնֆերանս կազմակերպությունից: Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից եւ ոչ մեկը կողմ չքվեարկեց, իսկ եռանախագահող երկրները դեմ քվեարկեցին»:

«Ադրբեջանը օգտագործում է Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը` չարաշահելով իսլամական համերաշխության գործոնը: Շատ վտանգավոր են փորձերը կրոնական բնույթ հաղորդել այս կարգի հիմնախնդիրներին», - ընդգծել է Նալբանդյանը:

Հիշեցնելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունվեցին ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների աթենքյան հայտարարությունը, Մեծ ութնյակի` Մուսկոկայում կայացած գագաթնաժողովի ընթացքում Մինսկի խմբի եռանագահող երկրների նախագահներ Մեդվեդեւի, Սարկոզիի եւ Օբամայի հայտարարությունը, ԵԱՀԿ-ի արտգործնախարարների Ալմաթիի հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` արտգործնախարարներ Լավրովի, Կուշների եւ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Սթեյնբերգի հայտարարությունը, նախարարը հավելել է. - «Վերջին հայտարարություններում ամրագրվում է ինքնորոշման իրավունքը, որը պետք է իրականացվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությամբ»:

«Երկու տարի առաջ մենք խոսում էինք այն մասին, որ բանակցությունները պետք է ընթանան մադրիդյան առաջարկների հիման վրա` միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հիման վրա: Այն ժամանակ Ադրբեջանը հերքում էր մադրիդյան փաստաթղթի գոյությունն անգամ: Այս վերջին երկու տարվա ընթացքում հենց միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ն, եռանախագահները մեր դիրքորոշմանը համահունչ բազմաթիվ հայտարարություններ արեցին: Վերջին երկու տարվա ընթացքում բանակցություններ ընթացել են հենց մադրիդյան առաջարկությունների, հենց այդ սկզբունքների հիման վրա: Իսկ Ալմաթիում հայտարարության մեջ եռանախագահ երկրները հայտարարեցին, որ հիմնախնդրի կարգավորման առաջարկված սկզբունքները եւ դրույթները մշակված են եւ ներկայացված են որպես մեկ ամբողջություն եւ չի կարելի առաջնություն տալ մեկ սկզբունքին մյուսի նկատմամբ: Դա էլ է համահունչ մեր դիրքորոշմանը», - ասել է Նալբանդյանը:

ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի կապակցությամբ հայկական կողմի քայլերի վերաբերյալ նախարարը նշել է. - «Այո, մենք նախաձեռնում ենք անհրաժեշտ քայլեր, եթե ես բերեցի երեք հիմնարար հայտարարություններ, որոնք միջազգային հանրության կարծիքն են, մոտեցումն են Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ, որոնք ընդունվել են վերջին ժամանակահատվածում, եւ որոնք են համահունչ են նաեւ մեր մոտեցումներին: Կարծում եք այդ դիրքորոշումները օդի՞ց են ընկնում: Եթե Ադրբեջանը ոտնահարում է ուժի չկիրառման եւ ուժի սպառնալիքի չկիրառման միջազգային իրավունքի կարեւորագույն սկզբունքը, ապա դրան հակառակ ամբողջ միջազգային հանրությունը կարեւորում է այս սկզբունքը որպես հիմնարար սկզբունք Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Դուք կարծում եք եթե որեւէ մեկը պաշտպաներ Ադրբեջանի դիրքորոշումը, այսպես ակնհայտորեն այս սկզբունքը տեղ կգտներ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը փաստաթղթերի մե՞ջ: Ոչ»:

«Վստահ եղեք, որ հնարավոր քայլերն արվում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը բանակցությունների միջոցով կարգավորվի, խաղաղ լուծում ստանա` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: Գլխավոր սկզբունքներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն է, որի միջոցով պետք լուծվի հիմնախնդրի ամենակարեւոր հարցը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը», - հայտարարել է նախարարը իր ելույթում, որի տեքստը տրամադրել են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG