Մատչելիության հղումներ

«Հայաստանի եվրոպական բարեկամներ»-ը վտանգ է տեսնում ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւում


Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը Եվրամիության երկրներին կոչ է անում ՄԱԿ-ում միաձայն վերահաստատել իրենց աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող ղարաբաղյան բանակցություններին եւ դեմ քվեարկել Ադրբեջանի ներկայացրած բանաձեւին:

«Նախատեսվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 9-ին մեկնարկելիք նստաշրջանում քննարկվելիք բանաձեւին դեմ կքվեարկեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի 3 համանախագահող երկրները` Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ նահանգները», - ասված է Բրյուսելում գործող կազմակերպության տարածած հայտարարության մեջ: Կազմակերպությունը հավելում է, որ առայժմ Եվրամիության բոլոր երկրների ընդհանուր կարծիքը դեռ հստակ չէ՝ չնայած Մինսկի խմբին Եվրամիության ցուցաբերած տեւական եւ հստակ աջակցությանը:

«Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը, հայտարարելով, որ ՄԱԿ-ի որեւէ բանաձեւ չպետք է սպառնալիքի տակ դնի ընթացող բանակցությունները, հույս է հայտնում, որ ԵՄ երկրներն ու Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը ներկայումս համակարգում են իրենց գործողությունները:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Քամբեկը համոզմունք հայտնեց, որ ՄԱԿ-ը այս հարցը քննարկելու ճիշտ տեղը չէ, որովհետեւ՝ «ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է համարվում միջնորդական միակ միջազգային մանդատով ձեւաչափը: Կարգավորման գործընթացը զգայուն է եւ լի է առանձնահատուկ նրբություններով։ Մինսկի խումբն այս գործընթացը շարունակում է երկար ժամանակ, կառույցը լավ է աշխատում, եւ պետք է թույլ տալ ավարտի իր աշխատանքը»:

«Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկ
Կազմակերպության ղեկավարը ՄԱԿ-ում այս բանաձեւի ընդունման դեպքում մի քանի վտանգ է տեսնում։ Նախ, ըստ նրա, Ադրբեջանը փորձում է հակամարտությունը տեղափոխել այլ դաշտ, որտեղ ավելի մեծ աջակցություն է ակնկալում բարեկամ մահմեդական երկրների կողմից:

«Խնդիրն այն է, որ այս հակամարտությունը երբեք կրոնական ենթատեքստ չի ունեցել: Ո՛չ մահմեդական երկրները, ոչ խաղաղությամբ շահագրգիռ որեւէ այլ երկիր այսօր չեն ընդգրկել նման կրոնական բաղադրիչ», - նշեց Քամբեկը։ Նրա խոսքով, երկրորդ վտանգը այն է, որ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմանը այսքան մոտ լինելու պարագայում ձեւաչափի փոփոխությունը կարող է հարվածել կարգավորման գործընթացին: Հաջորդ վտանգը՝ բանաձեւի նախագծում տարածքային ամբողջականության սկզբունքին տրվող առաջնայնությունն է։

«Բանաձեւի ընդունման հնարավորություններ կան, անգամ մեկ երկրի կողմ լինելն ու բոլոր երկրների ձեռնպահ լինելը բավարար է, որպեսզի բանաձեւն ընդունվի: Այս պարագայում Ադրբեջանն ունի զուտ տեխնիկական հնարավորություններ` անցկացնելու բանաձեւը հենվելով իսլամական երկրների աջակցության վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց կազմակերպության փորձագետ Պարույր Հովհաննիսյանը՝ հավելելով. - «ՄԱԿ-ի բանաձեւերը իրավական ազդեցություն չունեն։ Ադրբեջանը պարզապես կփորձի այդ թուղթն օգտագործել՝ բարդացնելու բանակցությունները Մինսկի խմբում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG