Մատչելիության հղումներ

Լրացավ հայ - թուրքական արձանագրությունների նախաստորագրման մեկ տարին


Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2010թ.
Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2010թ.
2009 թվականի օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները հաղորդեցին, որ կայացած բանակցությունների ընթացքում նախաստորագրվել են երկու արձանագրություններ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին:

Այդ արձանագրությունները սահմանում էին խելամիտ ժամկետներում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ:

Հոկտեմբերին արձանագրությունները ստորագրվեցին, եւ սկիզբ դրվեց դրանց վավերացման գործընթացին:

Այս տարվա ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման ընթացակարգը:

«Ես կարծում եմ, որ այն հանգամանքը, որ այդ արձանագրությունները հիմա գտնվում են «քնած» վիճակում, պայմանավորված է, առաջին հերթին, Թուրքիայի քաղաքականությամբ, Թուրքիայի մոտեցումով, որը փորձեց կապել հայ - թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` հավելելով. - «Եվ եթե մոտակա ապագայում Թուրքիան փոխի իր այդ մոտեցումը, ես կարծում եմ, որ արձանագրությունները` գուցե խմբագրված տեսքով, գուցե փոխված տեսքով, ամեն դեպքում` նորից մենք ականատես կլինենք հայ - թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու փորձերին: Եթե Թուրքիան այդ վերաիմաստավորումը չկատարի իր քաղաքականության մեջ, ես համոզված եմ, որ ոչ մի զարգացում տեղի չի ունենա»:

«Արձանագրությունների նախաստորագրումից անցել է մեկ տարի: Եթե փորձենք ընդհանրացնել հայ - թուրքական այդ գործընթացը, ի՞նչ արդյունքներ կարող եք առանձնացնել», - այս հարցին Սաֆրաստյանը արձագանքեց. - «Իրական արդյունք, իհարկե, մենք չտեսանք, բայց մյուս կողմից` մենք տեսանք, որ փորձ եղավ թուրքական կողմից այդ գործընթացը շարունակել կամ սկսել` մոռացության տալով կամ մի կողմ դնելով իրենց մոտեցումը ավանդական, որ 90-ական թվականներից է, երբ նրանք փորձում էին հայ - թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել երեք նախապայմանով: Ըստ էության, մենք տեսանք, որ թուրքական կողմից դա խաղ էր, ցավոք սրտի, որը նպատակ ուներ ինչ-ինչ արդյունքների հասնել, ինչ-ինչ առավելությունների հասնել` կապված Ամերիկայի հետ իրենց հարաբերություններում: Եվ եթե մենք լրջություն թուրքական կողմից չտեսանք, ապա հայկական կողմը, իմ կարծիքով, բավական լրջորեն մոտեցավ այս գործընթացին, եւ փորձ կատարվեց մեր կողմից գործընթացը իրական հողի վրա դնելու»:

Այն կարծիքների կապակցությամբ, որ մինչեւ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները` գալիք տարվա փետրվար, հայ - թուրքական գործընթացի ակտիվացում ակնկալել պետք չէ, եւ ինչ-որ զարգացումների կարելի է սպասել այդ ընտրություններից հետո, թուրքագետը ասաց. - «Կարելի է նման ենթադրություն անել, կարելի է կապել հայ - թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման այս սառած վիճակից դուրս գալը ընտրությունների հանգամանքով: Բայց, մյուս կողմից, ես համոզված եմ, որ ընտրությունները թուրքական կողմի համար միայն պատրվակ են. եթե նրանք որոշեն հարաբերությունների կարգավորման գործընթացը տեղից շարժել, ես կարծում եմ` նրանք դա կանեն անկախ ընտրություններից»:

«Լուռ դիվանագիտություն»


Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, մասնավորապես, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ ասելով. - «Տարբեր ասեկոսեներ կան թուրքական կողմից, թե իբր «լուռ դիվանագիտություն է» վարվում: Հանդիպումների ժամանակ ինձ էլ են հարցնում. այդ ինչ «լուռ դիվանագիտության» մասին է խոսքը: Գիտեք. ռուսերեն մի երգ կա «тихо сам с собою, я веду беседу»։ Երեւի թուրքերը իրենք իրենց հետ ինչ-որ լուռ զրույցներ են վարում: Կարող եմ ասել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 10-ից թուրքական կողմից որեւիցե կառուցողական քայլ չի արվել այս ուղղությամբ: Տեսնենք, թե երբ թուրքերը պատրաստ կլինեն եւ արդյո՞ք պատրաստ կլինեն: Ի տարբերություն թուրքական կողմի մեր խոսքը եւ գործը չեն տարբերվում իրարից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG