Մատչելիության հղումներ

Դավիթ Ռստակյան. «Այսպես թե այնպես` լարվածությունը Ջավախքում աճելու է»


Տեսարան Ախալցխա քաղաքից

Տեսարան Ախալցխա քաղաքից

«Վրաց - ադրբեջանական համադաշնության ստեղծման մասին նախագահ Սահակաշվիլիի հայտարարություններին Ջավախքի հայերը պարզապես չեն հավատում», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասաց չգրանցված «Վիրք» կուսակցության ղեկավար Դավիթ Ռստակյանը:

Այս տարվա հուլիսին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այցելել էր Վրաստան, այդ երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել էր Ադրբեջանի հետ համադաշնություն ստեղծելու ցանկության մասին: Օգոստոսի 20-ին էլ արդեն Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, թե պաշտոնական Թբիլիսին դիտարկում է Ադրբեջանի հետ համադաշնություն ստեղծելու հարցը, եւ համաձայնագրի տեխնիկական խնդիրները լուծված են:

«Ջավախքի հայերն այդ հայտարարությանը չեն հավատում: Իրականում, իմ կարծիքով, այս հայտարարությունն առավելապես քարոզչական բնույթ ունի: Բանն այն է, որ առաջիկայում Վրաստանը լուրջ ֆինանսական, տնտեսական դժվարությունների առաջ է կանգնելու: Դրա նախաշեմին [վրացական իշխանությունները] նպատակ ունեն քարոզելու, որ առաջիկայում Վրաստանը խնդիրներ չի ունենա, քանի որ Ադրբեջանի նման պետության հետ տնտեսական համագործակցության մեջ է մտնում», - նշեց Ռստակյանը:

Բացի այդ, ջավախահայ գործչի խոսքով, վրացիներն իրենք լուրջ վերապահումներ ունեն Ադրբեջանի հետ համադաշնության ստեղծման հարցում:

«Էթնիկ վրացիներն իրենք մեծ վախ ունեն, քանի որ կոնֆեդերատիվ երկիրը նշանակում է հարաբերությունների, այդ թվում տնտեսական կապերի խորացում: Էթնիկ վրացիների համար դա լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ գիտեք, թե ինչ արագությամբ է աճում ադրբեջանցիների քանակը: Շուտով Վրաստանը դեմոգրաֆիկ առումով դիրքերը կզիջի Ադրբեջանին», - համոզված է Ռստակյանը:

Որոշ թբիլիսցի քաղաքագետներ կանխատեսում են, որ վրաց - ադրբեջանական համադաշնության ստեղծման դեպքում Ջավախքում իրավիճակը կտրուկ կերպով կսրվի: Վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին, օրինակ, ասել է. - «Վրաց - ադրբեջանական համադաշնության ստեղծման դեպքում Երեւանն այլեւս շահագրգռված չի լինի Ջավախքում կայունության պահպանմամբ»:

Դավիթ Ռստակյանի խոսքով, սակայն, առանց կողմնակի միջամտության էլ այսօր Ջավաքում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան` տնտեսական, ժողովրդագրական, կրթական, որոնք կարող են ապակայունացման պատճառ դառնալ:

«Այսպես թե այնպես` լարվածությունը Ջավախքում աճելու է հենց այդ հիմնախնդիրների լուծված չլինելու պատճառով: Կենտրոնական կառավարությունն էլ օր-օրի նոր խնդիրներ է հարուցում ջավախահայության առջեւ: Որպես օրինակ նշեմ վերջին որոշումը, որի համաձայն` վրացերենի դասաժամերի քանակը դպրոցներում հավասարեցվում է հայոց լեզվի դասաժամերին: Փաստորեն, այդ երկու լեզուները առաջին դասարանցին պետք է միաժամանակ ուսումնասիրի: Իմ կարծիքով, սա պարզապես խայտառակություն է», - հայտարարեց Ռստակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG