Մատչելիության հղումներ

Հայ բլոգերները նույնպես միացան Բլոգի միջազգային օրվան


Օգոստոսի 31-ը Բլոգի միջազգային օր է ընտրվել, քանի որ 31.08-ը բլոգերները նմանեցնում են անգլերեն BLOG բառին, որտեղ B=3, l=1, O=0 եւ g=8:

«Բլոգերների օրը չի սա, այլ հենց բլոգի օրը», - ասում է բլոգեր Վարդան Պապիկյանն ու պնդում, որ բլոգերները իրենց վիրտուալ մատյանի տոնը ինչպես հարկն է նշում են հենց վիրտուալ տիրույթում` օրվա կանոններով:

Կանոնների համաձայն` հին բլոգերները պետք է իրենց վիրտուալ օրագրերում բացահայտեն 5 նոր եւ իրենց կարծիքով հաջողված բլոգ:

Մաքսlիբերթիի ստուդիայում հավաքված 5 բլոգերներն էլ` blansh-ը` Շուշան Հարությունյան, kronelij-ն` Սամվել Մարտիրոսյան, Փիղը` Տիգրան Քոչարյան, 517 design Սեդրակ Մկրտչյանն ու Վարդան Պապիկյանը, այս տարի են միանում համաշխարհային բլոգի օրվան ու դրա կանոններին:

«Վետերան» բլոգերներները նորեկներին հուշում են, որ թեեւ բլոգոսֆերայում գրված կանոններ չկան, բայց չգրվածներին հետեւելը յուրաքանչյուրի ընտրությունն է: Բլոգերները նշում են նաեւ, որ հայկական բլոգների քանակը չի նվազում, բայց որակն իսկապես անկում է ապրում:

«Սոցիալական ցանցերը ուտում են բլոգերը, որովհետեւ մարդիկ զբաղված են share անելով», - ցավով նշում են հազար ու մի «comment»-ի ու «post»-ի միջով անցած բլոգերները:

Վերջին շրջանում հայ բլոգերների տեղեկատվական ապահովության վրա բացասական ազդեցություն է ունեցել Google-ի հայերեն թարգմանիչ ալֆա տարբերակը. եթե առաջ հայատառ գրառումները որոշ չափով ապահովում էին գրառման անվտանգությունն ու փրկում էին տեղեկատվության սխալ օգտագործումից, ապա հիմա վիրտուալ մատյաններում ամբողջ բովանդակությունը հասանելի է դարձել անգամ հայերեն չիմացողներին:

XS
SM
MD
LG