Մատչելիության հղումներ

2009 թվականին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված 21-ամյա Հենրիխ Մխիթարյանը նոր` այժմ արդեն ֆինանսական ռեկորդ է սահմանում. ուկրաինական ամենահեղինակավոր թիմերից մեկը` Դոնեցկի «Շախտյոր»-ը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատարին գնել է 7.5 միլիոն դոլարով:

Մինչ օրս հայաստանցի եւ ոչ մի ֆուտբոլիստի համար համար որեւէ ակումբ նման գումար չէր վճարել:

Մխիթարյանի հետ պայմանագիրը ուժի մեջ է մտել երեքշաբթի օրվանից եւ գործելու է մինչեւ 2015 թվականը: Հայ ֆուտբոլիստը «Շախտյոր»-ում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:

Մխիթարյանը «Շախտյոր» է տեղափոխվում Դոնեցկը ներկայացնող մեկ այլ ակումբից` «Մետալուրգ»-ից, որի հիմնական կազմում հանդես գալով դարձել էր թիմի հարձակման գծի միանձնյա առաջատարը:

Նախորդ խաղաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 29 հանդիպման` խփելով 9 գնդակ: Սա է, թերեւս, պատճառը, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության մեկնարկից առաջ «Շախտյոր»-ի ղեկավարությունը հույս ունի Մխիթարյանի միջոցով ուժեղացնել թիմի առաջին գիծը:

«Շախտյոր»-ի պաշտոնական կայքէջում զետեղված հարցազրույցում Հենրիխ Մխիթարյանը նշում է. - «Ես լուրջ ակնկալիքներ ունեմ: Դրա հետ մեկտեղ, հասկանում եմ, որ 100 տոկոսով չես կարող համոզված լինել, որ «Շախտյոր» տեղափոխվելուց անմիջապես հետո կսկսես խաղալ թիմի հիմնական կազմում: Նախ եւ առաջ, պետք է քեզ լավ դրսեւորես մարզումների ժամանակ»:

Ֆուտբոլիստը հույս է հայտնում, որ մեկնարկող խաղաշրջանում կմասնակցի նաեւ Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: «Ցանկացած ֆուտբոլիստ երազում է մասնակցել նման մակարդակի խաղերին, դաշտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի օրհներգի հնչյունների ներքո: Կարծում եմ, սակայն, որ նման մակարդակի մրցաշարում հանդես գալը ոչ միայն հաճելի է, այլեւ բավականին դժվար», - ասում է Մխիթարյանը:

Այս տարի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում «Շախտյոր»-ի մրցակիցներն են Լոնդոնի «Արսենալ»-ը, սերբական «Պարտիզան»-ը եւ պորտուգալական «Բրագա»-ն:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG