Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հայտարարել է, որ Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ներկայացրած բանաձեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվելու դեպքում «չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում»:

Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Սերժ Սարգսյանը օգոստոսի 29-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ մի շարք պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոց եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Թիվ 11 դպրոցում Հայաստանի նախագահը պատասխանել է դպրոցի ուսուցիչներից մեկի հարցին ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցով Ադրբեջանի առաջ քաշած նոր բանաձեւի վերաբերյալ։

Սերժ Սարգսյանը հաստատել է, որ ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու բանաձեւ, որին, ըստ նրա՝ «հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ»:

Ընդգծելով, որ այդ բանաձեւի ընդունումը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա, Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ խաղաղ ճանապարհով Ղարաբաղի հարցի լուծմանն աջակցող երկրները դեմ կամ ձեռնպահ են քվեարկելու բանաձեւին։

«Ադրբեջանի կոպիտ սխալը»


ԱՄՆ -- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը Նյու Յորքում, 19-ը օգոստոսի, 2010թ.
«Նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձեւերի ընդունումը չի կարող որեւէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա», - նաեւ հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ «կոպիտ սխալ» որակելով Ադրբեջանի կողմից նման բանաձեւ ներկայացնելու նախաձեռնությունը։

«Այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործենք մեր նպատակներին հասնելու համար: Ակնհայտ է, որ մեր կողմից եւս քայլեր կլինեն, եւ այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին», - նշել է Հայաստանի նախագահը՝ մասնավորեցնելով. - «Մեր գործունեությունը մշտապես պետք է ուղղված լինի նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ մնացած երկրները համոզված լինեն, որ հետդարձի ճանապարհ չկա, որ որեւէ կերպ բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ, որ Արցախն արդեն իսկ կայացած պետություն է»։

2008 թվականին Գլխավոր ասամբլեան ընդունեց Ադրբեջանի նախաձեռնած առաջին բանաձեւը, որով կոչ էր արվում «հայկական զորքերը անհապաղ դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:

Այդ բանաձեւի օգտին քվեարկել էին 39 ՄԱԿ-ի անդամ երկրներ, որոնք հիմնականում անդամակցում են Իսլամական կոնֆերանսի կազմակերպությանը։ Բանաձեւն ընդունվել էր, չնայած այն հանգամանքին, որ շուրջ 150 երկրներ ձեռնպահ էին մնացել կամ չէին քվեարկել, իսկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան դեմ էին քվեարկել փաստաթղթին։

Քչերն են կասկածում, որ Ադրբեջանի ներկայացրած այս հերթական բանաձեւը նույնպես կընդունվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG