Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքական ուժերը դրական են գնահատում Քլինթոնի նամակը հայ իրավապաշտպաններին


Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանով
Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «կառուցողական» է գնահատում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պատասխանը Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան կազմակերպությունների նամակին։

Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան 9 անդամ-կազմակերպությունները հուլիսի 5-ին Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ նրան հանձնած այդ նամակում 5 կետերից բաղկացած մտահոգություններ էին հայտնել 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների, ընդդիմության ներկայացուցիչների բանտարկությունների, ոստիկանությունում տեղի ունեցող սպանությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերալ՝ ԱՄՆ-ին կոչ անելով ազդել Հայաստանի իշխող վարչակազմի վրա եւ օգնել Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու հանրությանը լուծել վերոհիշյալ խնդիրները:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը եւս մեկ անգամ հանձնառություն առավ, որ իրենք պատրաստակամ են Հայաստանում ժողովրդավարական արժեքներ պաշտպանել եւ տարածել», – ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ – «Այս նպատակին հասնելու համար իրենք պատրաստ են հասարակության տարբեր խավերի, ինչպես նաեւ Կառավարության հետ աշխատանքներ իրականացնել։ Ես կարծում եմ, որ այստեղ որեւէ արտառոց բան չկա, եւ շատ նորմալ եւ կառուցողական եմ գնահատում տիկին Քլինթոնի այս հայտարարությունը»։

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյան
ԱՄՆ պետքարտուղարի պատասխանում, մասնավորապես, ասված է. - «Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի կառավարության եւ ժողովրդի հետ աշխատելու իր հանձնառությանն` ուղղված տարածաշրջանում ընդհանուր նպատակների ամրապնդմանը, որոնք ներառում են խաղաղությունը, կայունությունը, ժողովրդավարությունը եւ տնտեսական բարգավաճումը: … Մենք պաշտպանում ենք այդ արժեքները եւ կշարունակենք մեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն այդ արժեքների Հայաստանում եւ ողջ աշխարհում»:

Անդրադառնալով Հիլարի Քլինթոնի պատասխանին եւ էլեկտրոնային լրատվամիջոցների վիճակը Հայաստանում «ողբալի» գնահատելով՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. – «Մեզ համար կարեւոր է, որ Միացյալ Նահանգները չեն շեղվում իրենց ուղղուց եւ շարունակում են պնդել, որ մարդու իրավունքների, խոսքի ազատության խնդիրները Հայաստանում լինելու են Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում»։

Շարմազանովը քննադատում է իրավապաշտպաններին


Հանրապետական խմբակցության քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հիլարի Քլինթոնին դիմելով՝ հայաստանյան իրավապաշտպանները ճիշտ չեն վարվել։

«Ինչքանո՞վ է արդարացված իրավապաշտպանների դիմումը այլ պետության ներկայացուցչին։ Ընդհանրապես հայաստանի ներքին խնդիրները դուրս հանելը՝ ես դրա կողմնակիցը չեմ», - նշեց Էդուարդ Շարմազանովը՝ մանրամասնելով. - «Ժամանակին Ուինսթոն Չերչիլն ասել է՝ ես քննադատում եմ իմ կառավարությանը իմ երկրի սահմանների ներսում, բայց իմ երկրի սահմաններից դուրս ես ինձ շռայլություն թույլ չեմ տալիս քննադատելու իմ երկրի կառավարությանը։ Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է»։

Շարմազանով.
Մենք ընդամենը 20 տարվա ժողովրդավարական երկիր ենք...
Հանրապետական խմբակցության քարտուղարը հավելեց, թե դժվար է գտնել աշխարհի որեւէ պետություն, որտեղ մարդու իրավունքները չեն ոտնահարվում, սակայն Հայաստանի իշխանությունները, ընդունելով, որ այս ոլորտում խնդիրներ կան, քայլեր են կատարում իրավիճակը բարելավելու ուղղությամբ։

«Մենք ընդամենը 20 տարվա ժողովրդավարական երկիր ենք եւ միանգամից անդունդից այն կողմ թռնել հնարավոր չէ», - ընդգծեց Շարմազանովը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը չհամաձայնեց իշխող կուսակցության խոսնակի դիրքորոշման հետ։

«Ցավոք, իշխանությունները, որոնք կրում են պատասխանատվություն Հայաստանում այդ ոլորտներում բարեփոխումների համար, որեւէ քայլ չեն անում», - հայտարարեց Կարապետյանը։

«Մեր իշխանությունները իրենք ունեն պարտավորություններ հարգելու մարդու իրավունքները եւ ապահովելու խոսքի ազատությունը՝ այն, ինչ Հայաստանում չկա։ Եթե Միացյալ Նահանգները կամ մեր եվրոպական գործընկերները բարձրաձայնում են դրա մասին, հիշեցնում են Հայաստանի իշխանություններին իրենց իսկ կողմից ստանձնած պարտավորությունների մասին, սա անհրաժեշտ քայլեր են եւ մենք շնորհակալ են, որ իրենք բարձրաձայնում են», - հավելեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG