Մատչելիության հղումներ

Եվրոպական կուսակցությունը Հայաստանին կոչ է անում «ազատ արձակել քաղբանտարկյալներին»


Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության նախագահ Էննեմի Նեյթս-Յութթերբրոքը:
Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության նախագահ Էննեմի Նեյթս-Յութթերբրոքը:

Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին «անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»:

Կուսակցության նախագահ Էննեմի Նեյթս-Յութթերբրոքի հայտարարության մեջ, որը տեղադրած է Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության պաշտոնական կայքէջում, ասված է. - «Հայաստանը, լինելով Եվրախորհրդի անդամ երկրիր, պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, քանի որ խոսքի ազատությունը եւ համոզմունքների ազատությունը Եվրախորհրդի հիմնարար արժեքներից են: Քաղաքական դրդապատճառներով մարդկանց բանտում պահելը եւ նրանց արդար դատաքննության իրավունքից զրկելը հակասում է Եվրախորհրդի անդամ երկրների հիմնարար պարտականություններին եւ անկասկած կարող է խոչընդոտել Հայաստանի եւ Եվրամիության մերձեցման գործընթացը»:

Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությանը հուլիսի 17-ին դիմել էր Հայոց համազգային շարժումը, որն այս տարվա մարտից անդամակցում է այդ եվրոպական կուսակցությանը:

«Մենք գրել ենք, որ եթե դուք ցանկանում եք, որ հայ հասարակությունը հավատա եվրոպական արժեքներին եւ ժողովրդավարության արժեքներին, ապա ձեր գործունեությամբ չպետք է հայ հասարակությանը հիասթափության մատնեք: Մենք եվրոպական երկրների շարքում ենք եւ պարտավոր ենք ապրել եվրոպական երկրների արժեքներով: Այսինքն` ինչքան դա մեր խնդիրն է, նույնքան էլ եվրոպական կառույցների խնդիրն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Հարցին, թե, իր կարծիքով, ինչպես կարձագանքեն իշխանությունները եվրոպական կուսակցության ղեկավարի կոչին, Արամ Մանուկյանը պատասխանեց. - «Եթե մեր իշխանությունները չեն ուզում, որ միջազգային կառույցները, որոնց իրենք անդամակցում են, վատ վերաբերվեն իրենց, թող ազատեն քաղբանտարկյալներին: Իրենց որոշելիքն է»:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով, մինչդեռ, իշխանությունը Էննեմի Նեյթս-Յութթերբրոքի հայտարարության կապակցությամբ «անելիք չունի»:

«Ես գտնում եմ, որ քաղբանտարկյալներ չկան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը` շարունակելով. - «Դա տեղին հայտարարություն չէ Հայաստանի նկատմամբ, որովհետեւ այդ անձինք կոնկրետ գործողությունների համար են դատապարտվել»:

«Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությունը պետք է խոսքից անցնի հստակ գործողությունների», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը:

«Այդ հայտարարությունները չպետք է լինեն թղթի վրա գրված: Կարծում եմ, պետք է համապատասխան ճնշումներ գործադրվեն Հայաստանի իշխանությունների վրա: Աշնանը սկսվում է նոր ժամանակաշրջան, նոր գործընթացներ են լինելու, որոնք առնչվելու են Հայաստանին, եւ պետք է նրանք լինեն շատ ավելի խիստ: Չպետք է այն ճանապարհով գնան, որով արդեն գնացել են 2008-ից հետո… Մեկ քաղբանտարկյալը անգամ դա ոչ միայն Հայաստանի հաշվին է գրանցվում, այլեւ այն կառույցների, որոնց Հայաստանը անդամակցում է», - նշեց Հարությունյանը` հավելելով. - «Իհարկե, առաջին հերթին դրանք մեր ներքին խնդիրներն են, եւ մեր ուժերով պետք է արվեն: Բայց եվրոպական կառույցները պետք է աջակցեն, որպեսզի դա լինի շուտ, արագ եւ հնարավորինս անցավ»:

Նախագահական վերջին ընտրություններին հաջորդած իրադարձությունների կապակցությամբ քրեական հետապնդման ենթարկված ընդդիմադիրներից մինչեւ օրս անազատության մեջ են գտնվում 14-ը: Վերջիններիս ազատ արձակելու պահանջով 2008 թվականի ապրիլից ի վեր յուրաքանչյուր ուրբաթ նրանց տասնյակ աջակիցներ բողոքի ցույց են անցկացնում Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ: Այսօրվա ցույցը 125-րդն էր:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG