Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորը հաստատել է 29 դասախոսների աշխատանքից ազատելու փաստը` նշելով, որ դասախոսների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը դադարեցվել են դրանց գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ:

Հինգշաբթի օրը տարածած հաղորդագրությունում Ժոել լը Մորզելեկը տեղեկացնում է նաեւ, որ աշխատանքային պայմանագրերը դադարեցվել են համալսարանի երկու շրջանավարտների հետ, ովքեր զբաղված են գիտական աշխատանքով: Աշխատանքից ազատվել է իրավունքի ամբիոնի 84-ամյա մի դասախոս, ինչպես նաեւ անգլերեն լեզվի այն դասախոսները, ովքեր «նույնիսկ համալսարանի կողմից վճարված վերապատրաստման դասընթացի ավարտին Բրիտանական խորհրդի կողմից անցկացված քննության արդյունքում չեն ապահովել որակավորման անհրաժեշտ մակարդակ»:

«Աշխատանքից ազատված 29 դասախոսները կազմում են համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի 14.8 տոկոսը», - ասված է հաղորդագրությունում: - «Նշված դասախոսների հետ աշխատանքային պայմանագրերի դադարեցումը մանկավարժական եւ վարչական կառավարման ընթացիկ գործընթաց է եւ պայմանավորված է համալսարանի կողմից որակյալ կրթություն տրամադրելու պահանջով»:

«Վերոնշյալ դասախոսների հետ կնքված պայմանագրերը դադարեցվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ` այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով դասախոսներին», - նշում է համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը:

Անդրադառնալով գործազուրկ դարձած դասախոսների բողոքներին` ռեկտորը պնդում է, թե նրանք փաստերը ներկայացնում են խեղաթյուրված, ինչպես նաեւ հրահրում են ուսանողներին` բոյկոտելու ուսումնական գործընթացը սեպտեմբերի սկզբին, «ինչը անընդունելի է հատկապես մանկավարժական էթիկայի տեսակետից»:

Համալսարանից ազատված դասախոսները, մինչդեռ, հակադարձում են, թե ռեկտորն է խեղաթյուրում իրականությունը, քանի որ իրենց աշխատանքից ազատել են Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտմամբ:

Հանրային իրավունքի ամբիոնի դասախոս Անահիտ Հակոբյանը, ով դասավանդում է «Պետություն եւ իրավունքի տեսություն», «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ իրենց աշխատանքից ազատելու իրավունք համալսարանը չուներ: «Մեզ հետ կնքված աշխատանքային պայմանագրերը ժամկետային են եղել, կնքվել են 2008 թվականի կա'մ սեպտեմբերի 1-ին, կա'մ հոկտեմբերի 1-ին` մեկ տարի ժամկետով, եւ, համապատասխանաբար, դրանց ժամկետը լրացել է մեկ տարի անց այդ նույն օրը: Ժամկետը լրանալուց հետո, քանի որ մեր աշխատանքային հարաբերությունները շարունակվել են, չեն դադարել, դա դարձել է անորոշ ժամկետով գործող»:

Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն` եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում, եւ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

Թե որոնք են իրենց աշխատանքից ազատելու դրդապատճառները` գործազուրկ դարձած Անահիտ Հակոբյանն ասում է, թե չի կարողանում հասկանալ, իրենց համար ռեկտորի այս որոշումը անակնկալ է եղել:

«Ես կարծում եմ, որ լավագույն լուծումը կլինի դատական պրոցեսի արդյունքում կայացված դատական ակտը: Դիմել ենք Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան», - փոխանցեց Հակոբյանը` հավելելով. - «Սպասենք եւ տեսնենք, թե որ կողմը առավել հիմնավորված կներկայացնի իր փաստարկները: Դիմել ենք 14 հոգի, եւ արդեն ստացել եմ այդ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը»:

Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը չցանկացավ պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին եւ իր գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակի միջոցով խորհուրդ տվեց բոլոր հարցերով դիմել համալսարանի ռեկտորին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG