Մատչելիության հղումներ

«Հայաստանը գնաց այդ գործարքին, որովհետեւ այս պահին բավականին դժվար իրավիճակում է գտնվում», - հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը` «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում մեկնաբանելով հայ - ռուսական ռազմական վերջին համաձայնագիրը:

«Հայաստանը գնաց այդ գործարքին, որովհետեւ այս պահին բավականին դժվար իրավիճակում է գտնվում», - հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին պատմող «Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանելով հայ - ռուսական ռազմական վերջին համաձայնագիրը:

«Սերժ Սարգսյանը մեծ հույսեր էր կապում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, նա այդ գործում քաղաքական հսկա կապիտալ էր ներդրել, բայց այդ գործընթացն այս տարի ավելի վաղ, ինչպես հայտնի է, ձախողվեց», - նշել է Թոմաս դե Վաալը:

Միեւնույն ժամանակ, ըստ նրա, ղարաբաղյան բանակցային գործընթացն է փակուղում, եւ Ադրբեջանն այդ առիթով կրկին աղմկում է: Ուստի այս իրավիճակում Ռուսաստանը օգտագործեց հնարավորությունն ու այս գործարքը առաջարկեց Հայաստանին: Եվ Հայաստանը, որը չունի փող, որի տնտեսությունը խղճուկ վիճակում է գտնվում, չունի անհրաժեշտ միջոցներ զինամթերք գնելու համար, համաձայնեց էժանագին անվտանգություն ձեռք բերել, կարծում է փորձագետը:

Թոմաս դե Վաալի գնահատմամբ` Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգումն ապահովող վերջին համաձայնագիրը այդքան էլ մեծ գործարք չէր, քանի որ Ռուսաստանի երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը Կովկասում նահանջ են ապրում:

Փորձագետը համոզված է` տարածաշրջանում Ռուսաստանի հետաքրքրություններում այժմ գերակայում է տնտեսական բաղկացուցիչը. շատ ավելի կարեւոր է, որ Ռուսաստանը լուրջ մասնաբաժին ունի Հայաստանի տնտեսության մեջ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը կորցրել է Վրաստանը, լուրջ եւ իրատեսական քաղաքականություն է վարում Ադրբեջանի հետ հարաբերություններում: Եվ նույնիսկ Հայաստանը մեծ թվով գործընկերներ ունի` անդամակցում է ՆԱՏՕ-ի ծրագրերին, լավ հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի, Եվրամիության հետ, շատ գործընկերներ ունի արտաքին քաղաքականության ոլորտում եւ չի պատրաստվում «բոլոր հավկիթները դնել ռուսական զամբյուղի մեջ»:

Միեւնույն ժամանակ, Թոմաս դե Վաալի խոսքերով, Ռուսաստանը Հայաստանի, Ադրբեջանի նման երկրների ղեկավարներին առաջարկում է այն, ինչ չեն առաջարկում Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը` քննադատությունից զուրկ մի մթնոլորտ, երբ հարցը վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մամուլի ազատությանը: Այսինքն, նրանք կարող են համոզված լինել, որ Ռուսաստանից չեն լսի դասախոսություններ կամ խրատներ: Սա գործարք է: Ավելին, Ռուսաստանից այս ռեժիմները կարող են տեխնոլոգիաներ որդեգրել, թե ինչպես, օրինակ, սահմանափակել կամ ճնշել ընդդիմախոսներին:

Բայց, կարծում է Կովկասի հարցերով փորձագետը, Ռուսաստանի հետ հարաբերություններում առանցքային բառակապակցությունը «գործընկերային դաշնակիցն» է, եւ Ռուսաստանը գիտակցում է, որ տարբեր ոլորտներում` քաղաքական, տնտեսական թե ռազմական, ամբողջական գերակայության ժամանակներն անցել են, եւ այդ երկրները, ամեն դեպքում, կհաստատեն հարաբերություններ Արեւմուտքի հետ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG