Մատչելիության հղումներ

Օգոստոսի 27-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Այն, որ Անկախության հռչակագրի 20-րդ տարեդարձը չդարձավ լուրջ իրադարձություն, իհարկե, պատահականություն չէ: Նախագահն ու վարչապետը (որը, ի դեպ, առաջին խորհրդարանի անդամ էր) տարեդարձը կարեւորեցին «իրենց բարձունքից», ընդդիմադիրները հավաքվեցին Սարյանի արձանի մոտ, Սահմանադրական դատարանի նախագահը գիտական զեկույց կարդաց, մի խումբ պատգամավորներ հավաքվեցին Ռուբեն Թորոսյանի նախաձեռնությամբ: Ի՞նչը պետք է միավորեր բոլոր այդ խմբերին: Պատասխանը, կարծում եմ պարզ է` պետությունը: Սակայն դա տեղի չունեցավ: 90-95 թվականների «անցումային» եւ, կրկին շեշտեմ, օրինական ճանապարհով ընտրված խորհրդարանի 250 պատգամավորներից 45-ը այլեւս մեզ հետ չէ, մոտ 20 հոգի արտասահմանում է, 15-ը այնպիսի սոցիալական եւ ֆիզիկական վիճակում է, որ չի կարող մասնակցել Անկախության հռչակագրի 20-ամյակի տոնակատարությանը` նույնիսկ եթե այդ տարեդարձը մարդավարի նշվեր, եւ եթե նրանք ցանկանային այդ միջոցառումներին մասնակցել»:

lragir.am-ի մեկնաբանը ասում է. - «Երեկ Հայաստանի պաշտպանության ու կրթության նախարարները հայտարարեցին մեր կյանքի հիմունքների մասին: Մեր իրականությունը պետք է հիմնվի երեք կետի` պետություն, բանակ եւ քրիստոնեություն, ասել են նախարարները: Ընդ որում, այս խոսքերն ասվել են այնպիսի ակնածանքով, որ դրանք որեւէ կասկած նույնիսկ չեն հարուցել: Սակայն, եթե մարդը քրիստոնյա չէ ու պարզապես հավատացյալ չէ, նա չի՞ կարող իրեն այս կյանքի մաս զգալ: Եվ եթե պետությունը չի կատարում իր ուղղակի գործառույթները, արժե՞ այն պաշտպանել: Մյուս կողմից, չէ որ նախարարները չեն կարող առաջարկել պետության հիմքում դնել այն, ինչը կխարխլի ներկայիս համակարգի հիմքերը: Չէ որ գաղտնիք չէ, որ ներկայիս համակարգը ապահովում է բարեկեցություն, անվտանգություն եւ իրավահավասարություն որոշակի շրջանակի մարդկանց համար, իսկ մյուսներին դա չի վերաբերում: Ավելի լավ է ամորֆ կարգախոս հնարել, որի կատարումը դժվար է ստուգել: Ավելի լավ է ասել, թե հավատը, բանակն ու պետությունը սուրբ են հայի համար, որ նրա մտքով էլ չանցնի կասկածել»:

«Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում քաղաքագետ Մանվել Սարգսյանը ասում է. - «Պետք է նայել հայ-ռուսական պայմանագրի ոչ թե տեքստին, այլ ընդհանուր քաղաքական գծին: Այսպես Ռուսաստանի հնարավորություններն են մեծանում, որը միանշանակ չի մեզ համար. ինչպե՞ս կպահի իրեն այդ երկիրը, մեր հաշվին հարցեր կլուծի՞, թե՞ չի լուծի: Այստեղ կարեւոր է, թե ինչպես իրեն կպահի Հայաստանը: Մեր երկրի պահվածքը շատ մեծ ազդեցություն ունի իրավիճակի վրա` կարո՞ղ է ՌԴ-ն շրջանցել ՀՀ գործոնը, թե՞ չի կարող: Վերջին տարիներին ՀՀ կողմից եղան ինչ-որ քայլեր` թույլ չտալու, որ ՌԴ-ն ցանկացած որոշում ընդունի: Սակայն դա շատ քիչ է, քիչ է, քանի որ ես տեսնում եմ իշխանությունների հրճվանքը, թե ՌԴ-ն մեզ չի դավաճանի, մեզ համար ամեն ինչ կանի: Իսկ սա, ըստ էության, նշան է այն մասին, որ լավ չեն գիտակցում սեփական պոտենցիալը»:

«Իրավունք»-ի հետ հարցազրույցում Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ասում է. - «Պայմանագրում մտցված փոփոխությունները կտրուկ փոխում են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ի օգուտ Հայաստանի: Ստորագրված պայմանագրով Հայաստանը իր վրա չի վերցնում նոր պարտավորություններ, այլ հակառակը` Ռուսաստանն է ստանձնում մեծ ծախսերով մեր անվտանգության ապահովումը: Եթե զենքի մատակարարումը ու անվտանգության ապահովումը դիտվում է ինքնիշխանության սահմանափակում, ապա թող դրա մասին խոսողները մատնանշեն պատերազմական իրավիճակում գտնվող երկրի անվտանգության ապահովման ճանապարհները` հաշվի առնելով Հայաստանի տնտեսական ներուժը եւ հարեւան Վրաստանի փորձը»:

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայոց Աշխարհ»-ին ասում է. - «Հիմա մենք պետք է կարողանանք թույլ չտալ, որ ադրբեջանական բանաձեւը ընդգրկվի ՄԱԿ-ի հերթական նստաշրջանի օրակարգ: Այս դեպքում ակնկալում ենք ոչ միայն Մինսկի խմբի եռանախագահող երկրների, մեր մյուս բոլոր գործընկեր երկրների, նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների աջակցությունը: Սակայն, ցավոք, մինչ այժմ եզակի չեն դեպքերը, երբ աջակցության փոխարեն անտարբերության կամ մերժման ենք հանդիպում: Մասնավորապես ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Կոսաչովը մերժեց իմ առաջարկը ու հրաժարվեց ստորագրությամբ պաշտպանել հայկական պատվիրակության բանաձեւը: Լիահույս եմ, որ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած այցի ժամանակ հնչած հավաստիացումը էականորեն կփոխի միջազգային կառույցներում ռուսական ու ՀԱՊԿ անդամ մյուս երկրների պատվիրակությունների գործելակերպը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG