Մատչելիության հղումներ

Բրայզայի թեկնածության հաստատման հարցը շարունակում է քննարկվել ամերիկյան մամուլում


Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզան:
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզան:

«Սենատը չպետք է հապաղի Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակման հարցում», - ամերիկյան Washington Examiner պարբերականում հրապարակած հոդվածում ամերիկացի օրենսդիրներին խորհուրդ է տվել նախկին սենատոր Քոնորոդ Բըրնզը:

Մոնտանա նահանգից նախկին Հանրապետական սենատորը, որպես Բրայզայի թեկնածությունը պաշտպանելու եւ Ադրբեջանում դեսպանի պաշտոնում նրա թեկնածության հաստատումը չհետաձգելու հիմնավորումներից մեկը, հիշատակում է նախագահ Օբամայի, այսպես կոչված, «ներողության շրջայցը»: Դրա ընթացքում ԱՄՆ-ի նախագահը ջանում էր իսլամական պետությունների հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների կողմից Միջին Արեւելքում եւ այլուր թույլ տված նախկին սխալներն ընդունելու դիմաց ստանալ մահմեդական աշխարհի աջակցությունը:

Այսօր նույն պարբերականում հեղինակ Մարկ Թեփսքոթը անդրադարձել է այդ հրապարակման վերաբերյալ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի բուռն արձագանքին։

Նախկին սենատորի ներկայիս գործատուն՝ Gage Business Consulting- ը, հիմնադրել է մի մարդ, ով հանդիսանում է նաեւ Ադրբեջանի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Silk Way Holding-ի գլխավոր խորհրդատուն։

Այս ընկերությունը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդման համաձայն, «կասկածելի կապեր ունի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»։

Silk Way Holding-ը 23 ընկերություններից կազմված տասնյակ միլիոն եվրո կապիտալով եւ 3 հազար աշխատակիցներով հոլդինգ է, որը, հաղորդումների համաձայն, տնօրինում է Իլհամ Ալիեւի դուստրը` 21-ամյա Արզու Ալիեւան։

Ինչպես Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն է նկատել, նախագահ Իլհամ Ալիեւը շահագրգրռված է, որ Ադրբեջան ուղարկվի իր ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող դեսպան:

Ուստի նախկին սենատորի ներկայիս գործատու եւ Ալիեւների ընտանիքի գործընկեր Leo A. Giacometto-ն էլ շահագրգռված է երջանկացնել Ալիեւին՝ մամուլում ապահովվելով Բրայզայի մասին նպաստավոր հրապարակումները:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի այս գնահատականներին արձագանքելու խնդրանքով Washington Examiner-ը դիմել է նաեւ Մեթյու Բրայզայի նշանակման հարցում «չհապաղելու» կոչ անող Քոնորոդ Բըրնզին:

Բըրնզը կարծիք է հայտնել,թե «հանձնախմբը շատ պարզ օրակարգ ունի՝ ընդդիմանալ այն ամենին, ինչը կապված է Ադրբեջանի հետ»:

Նախկին սենատորը հայտարարել է, թե ինքը խուրհրդատուի պաշտոն ունի ոչ միայն վերը հիշատակված Gage Business Consulting-ում, այլեւ մի քանի այլ ընկերություններում: Ընդ որում՝ դրանցից մեկը գործարար շահեր ունի նաեւ Հայաստանում: Բայց ինքը Gage Business Consulting-ում խորհրդատու է եւ ոչ թե աշխատակից, ու չի ներկայացնում Silk Way Holding-ը:

«Մինչ Հայաստանը խորացնում է իր կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, Միացյալ Նահանգները՝ իր ազգային շահերից ելնելով, պետք է աշխատի Ադրբեջանի հետ», - հավելել է նախկին սենատորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG