Մատչելիության հղումներ

Հայրենական արտադրողների միության նախագահը քննադատում է դրամի «չհիմնավորված» արժեւորումը


Դրամի շարունակական եւ չհիմնավորված արժեւորումը երկրի արտահանման ներուժը խոչընդոտող հիմնական գործոններից է, հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Հայրենական արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը։

«Մեզանում 4,5 անգամ ներմուծումը գերազանցում է արտահանմանը։ Սա այն իրավիճակը չէ, որին արժանի է մեր երկիրը», - նշեց Վազգեն Սաֆարյանը՝ հայտարարելով, որ Հայաստանում շեշտը դրվում է ներմուծման վրա, փոխանակ աջակցեն տեղական արտադրողին, մինչդեռ արդյունաբերությունը Հայաստանում պետք է գերակա ոլորտի կարգավիճակ ստանա եւ պետք է աշխատել արտահանումը խթանելու ուղղությամբ։

Ըստ Ազգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) օրերս հրապարակված հաշվետվության, այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում արդյունաբերությունն աճել է 11, 4 տոկոսով, սակայն շեշտակի՝ 23 տոկոսի անկում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում։ Ըստ նույն աղբյուրի՝ արտահանումը այդ ընթացում աճել է 43 տոկոսով:

«Արտահանման 43 տոկոս աճը բլեֆ է. այսինքն իրական չէ, որովհետեւ արդյունք է պղնձի, մոլիբդենի միջազգային գների աճի, ուրիշ ոչ մի բանի։ Եթե դա չեզոքացնում ենք, տեսնում ենք, որ անկում կա առանց այդ էլ արտահանում չունեցող երկրում», - մեկնաբանելով ԱՎԾ-ի հաշվետվությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նախկին վարչապետի կարծիքով, վերջին շրջանում եվրոյի նկատմամբ դրամի արժեւորումը պարզապես սպանել է արտահանումը։

Ըստ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերի հանձնախմբի անդամ Վահանգն Խաչատրյանի՝ իշխանությունների կողմից տարիների ընթացքում վարվող արատավոր քաղաքականության հետեւանքով ձեւավորվել է գերշահույթներ ստացող օլիգարխների խավը եւ Հայաստանը վերածվել է ներմուծող երկրի։

«Որ այսօրվա տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ, դա այն պատճառով է, որ որեւիցե մեկը Հայաստանում չի մտածում արտահանմանն ուղղված բիզնես ունենալու։ Բոլորը, ընդհակառակը, մտածում են՝ ինչպես անեն, որ ներմուծմամբ զբաղվեն, որովհետեւ դա ամենահեշտ գործն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը։

Կառավարության քննադատների փաստարկների վերաբերյալ Վազգեն Սաֆարյանի արձագանքը այսպիսին է. - «Ասածի մեջ կա տրամաբանություն, որովհետեւ ներմուծելը ավելի հեշտ է, քան տեղում արտադրություն կազմակերպելը։ Շաքարավազ, հացամթերք, բուսական յուղեր, կենդանական յուղեր ենք ներմուծում։ Առնվազն 500 միլիոն դոլարի ապրանքներ ենք ներմուծում սննդամթերքի տեսքով։ Սրանց արտադրության մի զգալի մասը կարելի է այստեղ կազմակերպել։ Դրա համար պետք է համապատասխան խթանիչ քաղաքականություն իրականացնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG