Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը որոշել է պայքարել չմաքսազերծված մեքենաների դեմ


Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով ֆիզիկական անձանց արգելվելու է «ժամանակավոր ներմուծման» կարգով ավտոմեքենա ներկրել Հայաստան։

Հայաստանում տարեցտարի ավելանում է այն ավտոմեքենաների քանակը, որոնց տերերը, մաքսազերծման համար անհրաժեշտ զգալի վճարումները կատարելու փոխարեն, գերադասում են մեքենաները գրանցել որպես «ժամանակավոր ներմուծված»։ Կառավարության տվյալներով արտասահմանյան, հատկապես՝ վրացական պետհամարանիշներով, չմաքսազերծված մեքենաները կազմում են Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների շուրջ 10 տոկոսը։

«2009 թվականի 7 ամիսների ընթացքում 32 հազար ավտոմեքենա գրանցվել են ժամանակավոր ներմուծման ռեժիմով։ Սրանց զգալի մասը մեր քաղաքացիների կողմից ներմուծված ավտոմեքենաներ են։ Այս տարվա 7 ամիսների ընթացքում ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների քանակը արդեն իսկ կազմել է 44 հազար, որի զգալի մասը դարձյալ մեր քաղաքացիների կողմից ներմուծված ավտոմեքենաներ են», - հինգշաբթի օրը Կառավարության նիստում զեկուցելով իրավիճակի մասին՝ հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը։

Գործող օրենքով ավտոմեքենա ներմուծող քաղաքացուն տրվում է 10-օրյա ժամկետ, որի ընթացքում նա կարող է մաքսազերծել եւ գրանցել այն: Մաքսազերծման համար անհրաժեշտ վճարումները կազմում են մեքենայի շուկայական արժեքի շուրջ 32 տոկոսը։ Քաղաքացին կարող է նաեւ ներմուծված ավտոմեքենան գրանցել ժամանակավոր ներմուծման ռեժիմով՝ այսպիսով խուսափելով վճարումներից:

Գործադիրը որոշել է հստակեցնել Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենաների ներմուծման ռեժիմը եւ այսուհետ «ֆիզիկական անձանց արգելել գրանցել ժամանակավոր ներմուծում»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG