Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը մտահոգված է արտաքին քաղաքական զարգացումներով


Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյան, արխիվային լուսանկար

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյան, արխիվային լուսանկար

Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) մտահոգված են արտաքին քաղաքական զարգացումներով: Հենց այդ հարցերն են քննարկվել չորեքշաբթի օրը ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում, որը վարել է ընդդիմադիր շարժման առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը, Կոնգրեսը սեպտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքում հիմնականում անդրադառնալու է Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում վերջին շրջանում կուտակված խնդիրներին:

Կարապետյանի փոխանցմամբ` չորեքշաբթի օրը կայացած նիստում ընդդիմադիր գործիչները մտահոգություն են հայտնել, որ Հայաստանը արտաքին քաղաքականության շատ հարցերում տանուլ է տալիս:

«Արտաքին ոլորտում մարտահրավերները այնքան բազմազան են, այնքան խնդրահարույց են դառնում առաջիկայում Հայաստանի համար, որ անգամ մթագնում են որոշ հարցերում ներքին խնդիրները, որոնք, կրկնում եմ, մեր ուշադրության կենտրոնում են», - ընդգծեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը ասել էր, թե Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին հայ - ռուսական պայմանագրում կատարված փոփոխությունը ցույց տվեց, որ Ռուսաստանը Հայաստանին չի ընկալում որպես վստահելի գործընկեր եւ փորձում է վստահության պակասը լրացնել չափազանցված իրավական երաշխիքների ապահովմամբ:

Վլադիմիր Կարապետյանը ասաց, որ քաղխորհրդի նիստում այս կարծիքը վերահաստատել են նաեւ ՀԱԿ-ի մյուս անդամներն ու մտահոգություն հայտնել Ադրբեջանին ռուսաստանյան C-300 զենիթահրթիռային համակարգեր վաճառելու մասին տեղեկատվության առթիվ:

«Մենք բազմիցս լսել ենք, որ Սերժ Սարգսյանը վարում է նախաձեռնողական քաղաքականություն, ինչպես նաեւ մեզ հավաստիացնում են, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները ամբողջությամբ միջազգային ասպարեզում պաշտպանելու են Հայաստանի շահերը: Մենք կսպասենք, կտեսնենք` մեր դաշնակիցները ինչպե՞ս են իրենց դրսեւորում, նախաձեռնողական քաղաքականության արդյունքում քանի՞ երկիր է պաշտպանելու Հայաստանի դիրքորոշումը, քանի՞ երկիր դեմ հանդես կգա այս նախաձեռնությանը եւ կպաշտպանի այն, ինչ մենք ենք ասում, եւ դրանից հետո մենք մեր գնահատականը կտանք», - նշեց ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը:

Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկելու է «Ադրբեջանական գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի նախագիծ, ինչի վերաբերյալ եւս ընդդիմությունը նախատեսում է խոսել առաջիկա հանրահավաքում:

«Մի քանի օր առաջ ոչ ոք չգիտեր այդ նոր նախաձեռնության մասին Ադրբեջանի, բայց հիմա արդեն դա փաստ է, եւ սեպտեմբերի 9-ին քվեարկվելու է բանաձեւը: Այս իրավիճակի համար, այս բանաձեւերի համար պատասխանատվությունը կրում է իշխանությունը, եւ նրանք պետք է պատասխան տան այս բոլոր` մեզ համար ոչ նպաստավոր իրադարձությունների համար», - հայտարարեց Վլադիմիր Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG