Մատչելիության հղումներ

Չնայած երկու երկրների միջեւ փակ սահմանին, Հայաստանի ընկերությունները մտադիր են միս արտահանել Թուրքիա` բավարարելու համար այդ երկրում մսամթերքի աճող պահանջարկը։ Այս մասին Hurriyet Daily News-ին ասել է «Գլոբալ Արմենիա բիզնեսին ընդառաջ» ընկերության տնօրեն Արայիկ Մակարյանը:

Նա եւ Հայաստանից այլ գործարարներ մասնակցել են Ստամբուլում անցկացված «Թուրքիա - Հնդկաստան - ԱՊՀ-ի երկրներ» բիզնես համաժողովին։

«Բիզնեսը սահմանափակումներ ունի, եւ մենք այստեղ ենք բիզնես անելու համար։ Մեզ համար քաղաքականությունը առաջնահերթություն չէ», - ըստ թերթի` ասել է Արայիկ Մակարյանը։

Հայաստանի ֆերմերների միության նախագահ Վլադիմիր Գալստյանը հայտնել է, որ իր ընկերությունը անցյալ տարի 120 հազար եղջերավոր կենդանիներ է արտահանել Իրան։ «Ինչո՞ւ չարտահանել Թուրքիա» , - նշել է նա։

Մսամթերքների ձեռնարկության ղեկավար Ալբերտ Օհանջանյանը ասել է, թե իր ընկերությունը առաջարկում է հազար տոննա թարմ ու սառեցված միս արտահանել Թուրքիա, ավելացնելով, թե առեւտի ծավալները մեծացնելու համար երկու երկրների միջեւ սահմանը պետք է հնարավորինս շուտ բացվի։

Թերթը գրում է, որ մսի եւ ձկան առեւտրի թուրքական պետական ընկերության հայտարարած մրցույթով 14 հազար եղջերավոր կենդանիներ, ընդհանուր քաշով` մոտավորապես 7 հազար տոննա միս, օգոստոսի 17-ին Թուրքիա են բերվել Որուգվայից։

Ընկերության նախագահ Մուհամեդ Քայան «Անադոլու» գործակալությանը ասել է, թե մրցույթը հայտարարվել էր արտասահմանից 50 հազար տոննա միս գնելու նպատակով։ Կենդանի անասունների ներկրումը խրախուսելու համար Թուրքիայի կառավարությունը ժամանակավորապես` մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը, զգալիորեն նվազեցրել է դրանց ներկրման մաքսային հարկերը` 135 տոկոսից իջեցնելով 40 տոկոսի, այս ճանապարհով փորձելով հավասարակշռել մսի թռիչքային թանկացումը։

Մսի ու ձկան առեւտրի Թուրքիայի պետական ընկերությունը որոշում էր ընդունել կենդանիներ ներկրել ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ուրուգվայից, Արգենտինայից, Չիլիից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից, Նորվեգիայից, Հունգարիայից, մերձբալթյան երեք երկրներից, բայց ոչ` հարեւան երկրներից:

Ալբերտ Օհանջանյանը նշել է, որ քաղաքական երկարատեւ բանավեճի հետեւանքով Թուրքիայի ու Հայաստանի միջեւ առեւտուրը կատարվում է երրորդ կողմի միջոցով` Ռուսաստանի, Վրաստանի կամ Իրանի տարածքով։

«Հայաստանը տարեկան 250 տոննա չմշակված մորթի է արտահանում Թուրքիա Ռուսաստանի ու Վրաստանի տարածքով, իսկ Հայաստան ներկրված կաշվե ապրանքների 25 տոկոսը ներկրվում է Թուրքիայից», - ասել է Օհանջանյանը, ավելացնելով, թե երկու երկրները միմյանց հետ դեռ առեւտուր են անում` չնայած փակ սահմանին ու քաղաքական բարդ հարաբերություններին։

«Մենք նաեւ Թուրքական ընկերություններին հրավիրում ենք մսի կոմբինատ կառուցել Հայաստանում», - ասել է Ալբերտ Օհանջանյանը` նշելով, որ Հայաստանը կենդանիների բավարար գլխաքանակ ունի, ու մշակված միսը թուրքական ընկերությունների համագործակցությամբ կարելի է արտահանել հարեւան երկրներ։

«Արեւմտյան Եվրասիայի տարածաշրջանային քարտեզ» զեկույցում նշված է, որ 2008 թվականի տվյալներով` Հայաստանը 630 հազար գլուխ եղջերավոր կենդանիներ ուներ, որից կովերը 314 հազար են:

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով` Թուրքիան մոտավորապես 10 միլիոն 800 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ ունի եւ մոտավորապես 21 միլիոն 700 հազար գլուխ ոչխար ու այծ։

Չնայած սրան` շուկայում մսի պահանջարկ կա, եւ մսի գինը Թուրքիայում շարունակում է բարձր մնալ, - գրում է Hurriyet Daily News-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG