Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի 5 գյուղերի բնակիչներ կանչվել են ոստիկանություն՝ բացատրություն տալու


Արգիճի գետի վտակ Գայլաձորի վերին հոսանքներում 2009թ ապօրինի կառուցված ամբարտակ

Արգիճի գետի վտակ Գայլաձորի վերին հոսանքներում 2009թ ապօրինի կառուցված ամբարտակ

Չորեքշաբթի առավոտյան Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ կանչվել են Մարտունու ոստիկանություն` բացատրություն տալու հուլիսի 19-ին կազմակերպված բողոքի ակցիայի կապակցությամբ:

Մարտունու 5 համայնքների բնակիչներ հուլիսի 19-ին մոտ 4 ժամով փակել էին Երեւան-Սեւան մայրուղու Երեւան-Մարտունի ճանապարհահատվածը` իրենց բողոքն արտահայտելով Արգիճի գետի վտակ Գայլաձորի հունը փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով դեպի Վայոց ձոր ուղղելու դեմ:

«Գյուղացիները ոստիկանություն են կանչվել առանց ծանուցագրի, իրենց գյուղապետարանների ներկայացուցիչների միջոցով», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց այսօր Մարտունու ոստիկանություն կանչված Վերին Գետաշենի 15 բնակիչներից մեկը` 40 տարվա մանկավարժ Պայծառ Աղաբաբյանը, ով հեռացել է ոստիկանությունից` հրաժարվելով որեւէ բացատրություն տալ:

«SOS Արգիճի» շարժման ակտիվիստ գյուղացիները պնդում են, որ «այս կերպ նյութեր են նախապատրաստվում ջրի եւ իր կյանքի իրավունքի պաշտպանության համար ոտքի կանգնած գյուղացու դեմ գործ հարուցելու համար»:

Արգիճին Սեւանը սնուցող 28 գետերից ամենախոշորն է: Այն տարեկան 10- 12 սանտիմետրով ապահովում է Սեւանի ջրի մակարդակի բարձրացումը եւ շրջակա 7 գյուղերի շուրջ 30 հազար բնակիչների կողմից օգտագործվում է 6500 հա տարածք ոռոգելու նպատակով:

Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով հունը փոխելուն ուղղված շինարարական աշխատանքներն այս պահին դադարեցված են: Հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը ստեղծեց միջգերատեսչական հանձնաժողով, որը շինարարությունն անօրինական համարեց: Փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցման վերաբերյալ նմանատիպ որոշում կայացրեց նաեւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնախնդիրների հանձնաժողովը:

Ապօրինի շինարարություն իրականացրած «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությունը դեռեւս պատասխանատվության չի ենթարկվել անօրինական շինարարության համար:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG