Մատչելիության հղումներ

Վերաբնակիչները կարող են սեփականաշնորհել իրենց բնակարանները


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում:
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում:

Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշմամբ, վերաբնակիչները հնարավորություն են ստացել սեփականաշնորհելու այն բնակարանները, որտեղ ապրել են առնվազն 10 տարի:

Լեռնային Ղարաբաղի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց. - «Ժամանակին տարբեր ծրագրերի շրջանակներում վերաբնակիչների համար կառուցված տները գրանցում չեն ստացել: Վերաբնակիչների հետ նատուրալիզացիայի պայմանագրերը կնքվում են որոշակի ժամկետով, կոնկրետ այս դեպքում` 10 տարի ժամկետով: Հիմա արդեն ունենք ընտանիքներ, որոնց 10 տարի ժամկետը ավարտվել է, եւ համաձայն վերաբնակեցման պայմանագրի, պիտի անհատույց փոխանցվի վերաբնակիչներին»:

Լեռնային Ղարաբաղի սոցիալական ապահովության փոխնախարար Լենստոն Ղուլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե վերաբնակիչներին սեփականության իրավունք շնորհելու գործընթացը կխթանի ինչպես ժողովրդագրության, այդպես էլ գյուղերի զարգացումը:

Վերաբնակեցման գործընթացը սկսվել է 1994 թվականին: Կառավարությունը նպատակահարմար չի գտնում հրապարակել, թե քանի վերաբնակիչ կա Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ այն գյուղերի ցանկը, որտեղ բնակություն են հաստատել վերաբնակիչները: Հայտնի է, այդուհանդերձ, որ հիմնականում վերաբնակեցվել են Լեռնային Ղարաբաղի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները, եւ կառավարությունը վստահեցնում է, որ սեփականաշնորհման գործընթացի ավարտից հետո պարզ կդառնա վերաբնակեցման հստակ պատկերը:

Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի համայնքապետ Մարինե Պետրոսյանի խոսքով, կառավարության որոշումը ոգեւորել է վերաբնակիչներին:

«Սկսած 1994 թվականից վերաբնակիչների կողմից բնակեցված տներում մեծացել է սերունդ, որը իսկապես արդեն մի քիչ ավելի բարեկեցիկ կյանքի ցանկություն ունի, ձգտում ունի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG