Մատչելիության հղումներ

Օգոստոսի 25–ի մամուլ


«Վրաց փորձագետներն անհանգստացած են, որ Հայաստանում տեղակայված ռուսական բազան իր ներուժը կարող է մի օր ուղղել Վրաստանի դեմ», - գրում է «Առավոտ» օրաթերթը: Վրաստանի «Զարգացման եւ համագործակցության կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Իվլիան Խաինդրավան այս հարցի շուրջ թերթի հետ զրույցում ասում է. - «Ռուսները մի կողմից Ադրբեջանին C-300 են տալիս, մյուս կողմից` դրանով ստիպում Հայաստանին գնալ այնպիսի քայլի, ինչպիսին է Գյումրիում ռուսական ռազմաբազաների ներկայությունը երկարաձգելը: Դրանով իսկ մեծանում է տարածաշրջանի բոլոր պետությունների կախվածությունը Ռուսաստանից, եւ Արեւմուտքը դրան, ցավոք, ոչինչ հակադրել չի կարող: 2008 թվականի օգոստոսյան ճգնաժամի պայմաններում Հայաստանի ղեկավարությունը բավականին լոյալ վերաբերմունք է դրսեւորել Վրաստանի նկատմամբ, բայց կարող է մի իրավիճակ ստեղծվել, երբ Հայաստանին չեն էլ հարցնի, որովհետեւ այդ բազաների հրամանատարությունը ընդհանուր է, եւ ռուսները կարող են նախ հրաման արձակել, իսկ հետո թող Հայաստանն ինչ ուզում է ասի` ներողություն խնդրի կամ հարաբերություններ պարզի Վրաստանի հետ: Այդ իմաստով անհանգստություն, իհարկե, կա, որովհետեւ ես ինքս Ռուսաստանի ծավալվող ներկայությունը տարածաշրջանում համարում եմ ոչ թե որպես կայունացնող, այլ պոտենցիալ անկայունության գործոն»:

«Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանն ասում է. - «Եթե վերլուծելու լինենք Սերժ Սարգսյանի գործելակերպը եւ արտաքին քաղաքական նախաձեռնությունները, պետք է միանշանակ արձանագրենք, որ նա հետեւողականորեն գնում է տարածաշրջանի կայունությունը ապահովելու գործում բոլոր հնարավորությունները օգտագործելու ճանապարհով։ Ավելին՝ հանդես է գալիս ոչ միայն որպես Հայաստանի ղեկավար, այլեւ տարածաշրջանային լիդեր, որը պատասխանատվություն է կրում տարածաշրջանի խաղաղության համար, եւ իր գործընկերոջ՝ նախագահ Մեդվեդեւի հետ նախաձեռնում է քայլեր, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում Հարավային Կովկասում որակապես նոր համագործակցության մթնոլորտ, հետեւաբար՝ անվտանգության նոր համակարգ ստեղծելու համար։ Համակարգ, որը խարսխված կլինի յուրաքանչյուրի երկարատեւ շահերը հարգելու, յուրաքանչյուրի իրավունքները ճանաչելու սկզբունքի վրա»։

«Ժամանակ» թերթը հետեւյալ հարցն է ուղղել Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին. «Կարծիքներ կան, որ իր ազդեցությունը մեծացնել ձգտող Ռուսաստանը այս իշխանությունների հետ գնալով նման գործարքի` իրականում իրեն «գցեց» հայ ժողովրդի աչքում»: Զուրաբյանը պատասխանում է. - «Բնական է, որ որեւէ երկրին` այս կոռումպացված, սեփական ժողովրդի աչքում իր վստահությունը լրիվ կորցրած ռեժիմի հետ համագործակցությունը որեւէ դիվիդենտ չի բերելու: Եվ դա վերաբերում է հավասարապես բոլորին: Ինչո՞ւ է հայ ժողովուրդը հիասթափված արեւմտյան երկրների պահվածքից: Որովհետեւ դեմոկրատական համերաշխություն Արեւմուտքը, փաստորեն, չցուցաբերեց: Եվ այժմ, ով ուզում է լինի` ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Եվրոպան, որքան համագործակցեն Հայաստանի այս ոչ լեգիտիմ, ատելի ռեժիմի հետ, այնքան կորցնելու են իրենց հեղինակությունը հայ ժողովրդի աչքերում»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Նոր ուսումնական տարում Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի աշակերտները դպրոց կհաճախեն կապույտ եւ սպիտակ համազգեստով: Արդեն մի քանի ամիս է, որ դպրոցում գումարներ են հավաքվում համազգեստի համար, գումարի չափն էլ` 26-27 հազար դրամ մեկ համազգեստի համար, եւ սա այն պարագայում, որ համազգեստի առկայությունը պարտադիր չէ դպրոցներում: Ավելին` Երեւանի քաղաքապետի հրահանգով արգելվել է համազգեստի համար գումարներ հավաքելը, քանի որ ծնողների դժգոհությունը մեծ է»: Թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանից «Հրապարակ»-ը փորձել է պարզել, թե ինչու են այնուամենայնիվ որոշել համազգեստ մտցնել դպրոցում: Տնօրենը ժխտել է այն, որ գումար են հավաքում: «Ձեր տեղեկությունները հավաստի չեն: Դպրոցում ոչ մի փող չի հավաքվում, բայց աշակերտները դպրոց են հաճախելու համազգեստով, նրանք լինելու են կապույտի եւ սպիտակի մեջ: Համազգեստի մասին խոսակցություն եղել է դեռեւս տարեվերջին: Տարեվերջին մենք ժողով ենք արել, ծնողներին ցույց ենք տվել համազգեստի ձեւը, որ իրենք պատվիրեն: Իսկ թե ինչպես կկարեն, ում մոտ կպատվիրեն` դա դպրոցի խնդիրը չէ: Ծնողները համաձայնել են, մենք ունենք բոլոր ծնողների եւ ծնողական համայնքի ստորագրությունը», - ասել է տնօրենը:

«Կապիտալ» թերթում կարդում ենք. - «Ցորենի համաշխարհային շուկայում օգոստոսին պահպանվող լարված եւ սպեկուլյատիվ վիճակը, ինչպես նաեւ Ռուսաստանում առաջացած հնդկացորենի դեֆիցիտն արդեն իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի հնդկացորենի շուկայի վրա։ Հայաստանում թեեւ այս շուկայում պաշտոնապես չկա գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն, հնդկացորենի գներն օգոստոսի սկզբի համեմատ մանրածախ ցանցում արդեն բարձրացել են շուրջ 50%-ով` հասնելով 1 կգ համար 600 դրամի»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG