Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական համաձայնագիրը կարող է ՀԱՊԿ-ի բարեփոխման սկիզբ դառնալ


Մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Տրենին
Մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Տրենին

«Հայ-ռուսական համաձայնագրի ստորագրումը վկայում է, որ Մոսկվան հետխորհրդային տարածքում երկարաժամկետ մարտավարություն է որդեգրել», - համոզված է մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Տրենինը:

Նրա կարծիքով Ուկրաինայի հետ Սեւծովյան նավատորմի տեղակայման շուրջ Մոսկվայի կնքած համաձայնագիրը եւ հայ-ռուսական արձանագրությունը՝ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի վերաբերյալ, նույն շղթայի օղակներն են։

«Որոշ վերլուծաբաններ հակված են այն կարծիքին, որ այս միտումն իր շարունակությունն է գտնելու Մոլդովայում», - գրում է Տրենինը՝ հատուկ «Ազատություն» ռադիոկայանի համար պատրաստած մեկնաբանությունում:

Անդրադառնալով հայ-ռուսական համաձայնագրի առանցքային դրույթներին՝ մոսկվացի վերլուծաբանը նշում է. - «Մոսկվան նախեւառաջ լիակատար կերպով երաշխավորում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ չկենտրոնանալով միայն հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանների անվտանգության ապահովման վրա: Այս քայլով Ռուսաստանը նաեւ հասկացնում է ամեն գնով Lեռնային Ղարաբաղի վերադարձի մասին հայտարարող Ադրբեջանին, որ պատերազմը Հայաստանի դեմ բացառված է»։

Տրենինի կարծիքով Ռուսաստանը օգտվում է այն դադարից, որ գոյացել է ՆԱՏՕ-ի ընդարձակման պրոցեսում։ - «Այսօր Ուկրաինան եւ Վրաստանը շատ ավելի հեռու են Հյուսիս-ատլանտյան դաշինքին անդամակցելու հեռանկարից, քան 2008-ին էր», - նշում է փորձագետը:

Նրա պնդմամբ, Ռուսաստանի ռազմավարական դիրքերի ամրապնդումը լրջորեն չի անհանգստացնում արեւմուտքի առաջատար պետություններին։ Ըստ Տրենինի, դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ հիշատակված համաձայնագրերը կամավոր բնույթ էին կրում:

«Ֆինանսական խորը ճգնաժամում գտնվող Ուկրաինան, երկարաձգելով Սեւաստոպոլում ռուակական նավատորմի տեղակայման ժամկետը, փոխարենը լուրջ ֆինանսական միջոցներ ստացավ: Ռազմավարական առումով մեկուսացման մեջ հայտնված Հայաստանն էլ Ռուսաստանից ստացավ անվտանգության հստակ երաշխիքներ», - նշում է մոսկվացի վերլուծաբանը:

Դմիտրի Տրենինի կարծիքով հայ-ռուսական համաձայնագիրը կարող է նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բարեփոխման սկիզբ դառնալ։

«Հակամարտությունների կանխմանն ուղղված գործողությունների իրագործումը ՀԱՊԿ-ից լուրջ բարեփոխումներ կպահանջի: Միայն այդ դեպքում կազմակերպությունը կկարողանա անվտանգություն ապահովող լուրջ կառույցի վերածվել», - համոզված է Դմիտրի Տրենինը, որի կարծիքով ՀԱՊԿ-ի անդամ պետություններն առաջին հերթին պետք է իրենց ուշադրությունը սեւեռեն Կենտրոնական Ասիայում ստեղծված անկայուն իրավիճակի վրա։

Ամենադժվարին ու վտանգավոր կացությունը, սակայն, ըստ «Կարնեգի» կենտրոնի փոխտնօրենի, Lեռնային Ղարաբաղում է։

«Ընդլայնելով Հայաստանին տրամադրվող երաշխիքները` Ռուսաստանը զգուշացրեց Բաքվին, որ պատերազմը քաղաքական շահերի ապահովման գործիք դառնալ չի կարող: Այժմ Մոսկվան պետք է խթանի Հայաստանին ու Ադրբեջանին, որպեսզի կողմերը գան խաղաղ համաձայնության», - ասում է Տրենինը՝ հավելելով. - «Ռուսաստանը Մինսկի խմբի մյուս համանախագահների, ինչպես նաեւ տարածաշրջանային հզոր պետության` Թուրքիայի աջակցությամբ պետք է առաջնորդի կողմերին դեպի հարցի վերջնական հանգուցալուծումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG